Հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ցույց է տալիս հայերեն արձանագրություններն ու ասում՝ իրեն հարգող որևէ մասնագետ չի կարող պնդել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած խաչքարերը, եկեղեցիները ոչ թե հայկական են, այլ աղվանական։
«Խաչքարերի վրա հավաքել եմ անձնանունները, որոնք հայերեն են։ Մարդը գրում է՝ ես Դեղ, Սիրադեղ, Խոցադեղ, Արևիկ, Շուշիկ, Հազար, մոտավորապես 50-ից ավելի անձնանուններ, որոնք հասկանելի են միայն հայերեն, էդ ո՞ր աղվանը պիտի գրի հայերեն անձնանուններ», - ասում է:
Պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսորը երկար տարիներ ուսումնասիրել է Արցախի հուշարձանները:
«Դադիվանքի պատերին կա 200-ից ավելի հայերեն արձանագրություն, այդ հայերեն արձանագրությունները գրել են մարդիկ, որտեղ ասենք՝ Արզու Խաթունը իր արձանագրության մեջ հայերեն ասում է՝ իմ որդին հայոց հավատի համար կռվեց և զոհվեց թուրքերի դեմ պատերազմում։ Հիմա էդ հերոսը, էդ մարդը աղվա՞ն էր», - հարցնում է հնագետը։
Պաշտոնական Բաքուն մինչդեռ շարունակում է կասկածի տակ դնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում Հայ Առաքելական եկեղեցիների պատկանելությունը՝ պնդելով, թե դրանք աղվանական են։ Ադրբեջանի մշակույթի նախարարի պնդմամբ՝ «հայերը հետքեր են թողել հուշարձանների վրա, որոնք պետք է մաքրվեն»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական արվեստը, որը Ադրբեջանը կարող է «ջնջել» եկեղեցիներից«Արցախի միջնադարյան քրիստոնեական մշակույթի բոլոր հետազոտությունները միանշանակ վկայում են, որ այդ հուշարձանները որևէ առնչություն չունեն աղվանական ինչ-որ բաների հետ», - նշում է Հալմետ Պետրոսյանը:
Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքի եկեղեցիներից հայկական արձանագրությունները ջնջելու նպատակով Բաքվում աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնությունը օրերս դատապարտեցին պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը, նաև՝ Հայ առաքելական եկեղեցին.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները», - ասված էր հաղորդագրության մեջ:
Մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը օրակարգում էր Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահի անցած շաբաթ կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որի ընթացքում, ըստ «Ազատության» աղբյուրի, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության տեղակայմանը Հայաստանում և Ադրբեջանում։
Պատերազմից հետո ՄԱԿ-ի գիտության և մշակույթի կազմակերպությունը ոչ մի անգամ տարածաշրջան չի այցելել։ Հայկական կողմը պատերազմից հետո առաքելության այցելության այցը խիստ հրատապ էր համարում հայկական եղեկեցիների պղծման լուրերի ֆոնին։ 44-օրյա ռազմական գործողություններին հաջորդած մի քանի ամիսների ընթացքում վանդալիզմի էր ենթարկվել պատերազմի ընթացքում կրկնակի ռմբակոծված Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ապա «նորոգման աշխատանքների» քողի տակ հրապարակավ հանվել են եկեղեցու գմբեթները։ Հաղորդվել էր նաև Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքը վերացնելու, Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցուց խաչը հանելու մասին, Հայաստանի արտգործնախարարության տեղեկություններով՝ ռազմական գործողություններից շաբաթներ անց ավերվել է նաև Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը գործնական քայլեր է անում` Ղարաբաղի հուշարձաններից հայկական հետքը ջնջելու համար, ահազանգում են ԱրցախիցԱյժմ էլ հայկական ու ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը խոչընդոտելու համար։ Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդել է, թե դեռ նախորդ տարվա հունիսից են սպասում ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը։
«Ադրբեջանական կողմը ոչ մի դերակատարում չունի նրանում, որ կազմակերպության առաքելությունը դեռ չի կայացել։ Ադրբեջանը ոչ մի տարբերություն չի դնում, և մենք լիովին աջակցում ենք ինչպես քրիստոնեական, այնպես էլ իսլամական հուշարձանների ուսումնասիրմանը», - ասել է նա։
Հայաստանի արտգործնախարարությունն էլ այսօր իր հերթին հայտարարեց՝ հայկական կողմը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է», - հայտարարում է պաշտոնական Երևանը։
Ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը չեն հստակեցնում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը երբ կժամանի տարածաշրջան։