Ազգային ժողովում ծեծկռտուքի գործով տուժող են ճանաչվել ընդդիմադիրների օգնականները

Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հասատեցին գլխավոր դատախազությունից։

Խորհրդարանում անցած տարեվերջին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով տուժող են ճանաչվել Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի և Արմենուհի Կյուրեղյանի օգնականները։

Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հասատեցին գլխավոր դատախազությունից։ Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, թե գործը նախաքննության փուլում է. - «Նախաքննական փուլում ճանաչվել էի որպես տուժող»։

Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում Հայաստան խմբակցության պատգամավորների օգնականների ու իշխող խմբակցության պատգամավորների միջև միջադեպ էր եղել, որը շարունակվել էր Ազգային ժողովի միջանցքում սեռական բնույթի հայհոյանքներով։ Քրեական գործ էր հարուցվել։ Այն Ազգային անվտանգության ծառայությունում է։ ԱԱԾ-ից ամբողջ օրվա ընթացքում մեր զանգերին չպատասխանեցին։ Իսկ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը միայն ասաց, որ այս քրեական գործով այս պահին մեղադրյալներ չկան։

Հատկանշանական է, որ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով տուժողներ կան, սակայն մեղադրյալներ՝ ոչ։ Թե ինչպես են տուժել ընդդիմադիրերի օգնականները, իրավապահ կառույցից չեն հայտնում։

Սևակ Նազարյանը պնդեց, թե իրեն, Տարոն Ղազարյանին ու խմբակցության օգնականներից Գերասիմ Վարդանյանին հրավիրել են Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականի աշխատասենյակ, որտեղ իրավիճակը լարվել է, ապա աշխատասենյակ են մտել մի խումբ իշխանականներ, այդ թվում «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ, հարձակվել իրենց վրա. - «Ներս են լցվել մարդիկ՝ պատգամավորներ, իշխող խմբակցության աշխատակազմի ներկայացուցիչներ ու հարձակվել մեզ վրա։ Հրաչյա Հակոբյանն ա եղել, Վահագն Ալեքսանյանն ա եղել, էլի պատգամավորներ, ուղղակի հիմնական հարվածելու պրոցեսը, որ տեսանելի էր, իրանցն ա»։

Իշխանականներից Հրաչյա Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը հաստատեցին, որ հրավիրվել են ԱԱԾ։ Պատգամավոր Գաբրիելյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Հրաչյա Հակոբյանն ասաց, թե՝ բացատրություն է տվել։

Ինչ վերաբերում է Սևակ Նազարյանի մեղադրանքներին, թե պատգամավորները հարձակվել են իրենց վրա, Հակոբյանն ասաց՝ ինքը փորձել է կողմերին բաժանել. - «Պատգամավորներ էդտեղ եղել են, ես նույնպես եղել եմ էդտեղ։ Որևէ մեկին չեմ հարվածել, ես փորձել եմ միջադեպը կանխել։ Կատարել եմ կանխման գործողություններ, բաժանել եմ»։

Այս միջադեպով գործը հարուցվել է խուլիգանության հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է։