Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք, հայհոյանքներ. ԱԺ միջադեպի մասին կողմերի պնդումները հակասական են


Ընդդիմադիրների ու իշխող ուժի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի մասին երկու կողմերի վարկածները հակասական են։

Ծեծկռուք, սեռական բնույթի հայհոյայնքեր, վիրավորանքներ, այս անգամ Ազգային ժողովի դահլիճից դուրս։

Ընդդիմադիրների ու իշխող ուժի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած միջադեպի մասին երկու կողմերի վարկածները հակասական են։

Ընդդիադիր «Հայաստան» խմբակցությունից պնդում են, թե ծեծկռտուքի հրահրողն ու կազմակերպողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն են։ Իսկ իշխող ուժից՝ թե ընդդիմադիր պատգամավորների օգնականներն են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի ներկայացմամբ, ծեծկռուքի նախապատմությունը սկսել է խորհրդարանի միջացքում, երբ իշխող ուժի պատգամավորները և «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն իրար չեն հասկացել, բայց տեղում իրավիճակը հարթվել է. - «Իմ տեղեկությունը հետևյալն է, որ իրականում ռեպլիկը կատարվել է պատգամավորների կողմից, որին ի պատասխան հարցադրում է հնչել պատգամավորներին, և էդ հարցադրումից հետո հարցը սպառվել է»։

Հետո արդեն, ըստ Վարդևանյանի, ընդդիմադիրների օգնականներին իշխանական խմբակցության օգնականները հրավիրել են խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որտեղ էլ ծեծկռտուք է սկսվել. - «Հրավիրում են սուրճ խմելու, այնտեղ լինում է նաև տղաներից Տարոնը։ Եվ պատկերացրեք, երեքով նստած, սուրճը չի լինում բնականաբար, որովհետև խոսքը գնում է նախապես պլանավորած գործողության մասին, որը... բոլորս էլ, երբ երիտասարդ էինք, օրինակ, 14-15 տարեկան էինք, տենց լինում էր։ Էն որ փորձում ես մեկի հետ եթե ուզում ես կռիվ անես, նրան փորձում ես բերել քո մոտ։ Հիմա էդ նույն կոմբինացիան իրացվում է այս իշխանության կողմից Ազգային ժողով կոչվող կառույցում։ Պատկերացրեք, այդ երեքին հրավիրելուց հետո մեկ էլ ներխուժում են մոտ քսան հոգի, նրանց մեջ մի շարք պատգամավորներ, և սկսում են հարվածել տղաներին»։

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, թե իշխանականները նախօրոք ծրագրել են ծեծկռտուքը, և իրենց թիմակիցները դրա հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել. - «Ամենացավալին այն է, որ այդ դեպքը տեղի է ունեցել անվտանգության ներկայացուցիչների կրկին ներկայությամբ։ Եվ ինչպես նախկինում, ես այստեղ զարմանալիորեն պետք է նշեմ, որ այդ հետաքրքիր հետազոտությունը կատարվել էր Դանիել Իոաննիսյանի կողմից, կրկին այդ ժամանակացույցը անվտանգության աշխատակիցների միջամտելու շատ հետաքրքիր կերպով հօգուտ իշխանության ներկայացուցիչների է»։

Իշխող ուժի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բոլորովին այլ իրավիճակ է ներկայացնում։ Պնդում է, թե ամբողջ միջադեպի պատասխանատուն ընդդիմադիր պատգամավորների օգնականների պահվածքն է եղել միջանցքում։ Ինքն ու իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանն են եղել, ասում է, երբ դաշնակցական Գերասիմ Վարդանյանն ու նրա գործընկերները տարօրինակ հայացք են նետել իրենց վրա։ Իրենք փորձել են պարզել, թե ինչ է եղել պատճառը, ինչին ի պատասխան՝ սուր արձագանքի են արժանացել։

«Ազգային ժողովի միջանցքում իրենք իրենց խուլիգանական կեցվածքին վայել դեմքի արտահայտություններով, խոսելաոճով, երբ իմ գործընկերը փորձեց պարզաբանել, թե ինչ-որ բան ունե՞ր ասելու նա մեզ, թե՞ ոչ, նա հոխորդացող դեմքի արտահայտությունով առաջ-առաջ գալով խոսում է Ազգային ժողովի պատգամավորի հետ։ Գերասիմի մասին է խոսքը, ով որ Արարատ Միրզոյանի սպանության փորձի մեջ է մեղադրվում, ով որ խուլիգանական արարքներով ներխուժել են «Ազատության» գրասենյակ», - պատմեց Հակոբյանը։

Նրա ներկայացմամբ՝ ինքը, Սիսակ Գաբրիելյանն ու մյուս իշխանական պատգամավորները բուն ծեծկռտուքին մասնակից չեն եղել, աղմուկից հետո են մոտեցել։

Իր ունեցած տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքը իշխանականների ու ընդդիմադիրների օգնականների միջև սկսվել է, երբ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը դուրս է եկել աշխատասենյակից. - «Ըստ ինձ հասած տեղեկությունների, լուրերի, նա ուղղակի փորձել է ճողոպրել, բայց քանի որ էնտեղ ասելիք է ունեցել, այդտեղից սկսվել է քաշքշուկ։ Ինչ վերաբերվում է Գերասիմի էդ մաթեմատիկական զեղումներին՝ քառասուն հոգի... դրան թերևս... էդտեղ լրագրողներ են եղել և տեսել են, որ էդտեղ տասը հոգի էլ կարող ա չլիներ... Ինձ հասած տեղեկություններով, ես էնտեղ չեմ եղել։ Ես հետո, երբ որ արդեն ինքը սենյակից դուրս էր գալիս, ես տեսա, որ ծեծկռտուք ա»։

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութերը ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։ Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ արդեն քննությամբ կորոշվի՝ քրեական գործ հարուցելու հիքմեր կա՞ն, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG