Առուշանյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ վաղը

Առուշ Առուշանյանը, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր քննում էր ընտրական հանցագործությունների համար մեղադրվող Գորիսի քաղաքապետի կալանքին առնչվող բողոքը։ Ավելի վաղ առաջին ատյանը մերժել էր գրավի դիմաց ազատ արձակել հուլիս ամսից կալանավորված Առուշ Առուշանյանին։ Նրա պաշտպանները բողոքարկում են հենց այս որոշումը։

Նախքան բուն բողոքի քննությունը Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, դիմելով դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, հարցրեց՝ «Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը կարո՞ղ է Ձեզ կաշկանդել»: Նախօրեին Բախշիյանի կալանավորումը քննադատության ալիք է բարձրացրել հայաստանյան իրավաբանների և փորձագետների շրջանում, որոնք դատավորի գործունեությանը միջամտելու խնդիր են տեսնում։

Ռուբիկ Մխիթարյանի արձագանքը հակիրճ էր. - «Կոնկրետ ասեմ, որ որևէ վախեր ներքին և այլն, ճնշումներ չի կարող լինել իմ նկատմամբ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առուշանյանը կալանավորվեց, փաստաբանը դատարանի որոշումը քաղաքական հետապնդման հետևանք է որակում

Գորիսի 30-ամյա քաղաքապետն արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում։ Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։

Ըստ մեղադրանքի, Առուշանյանը Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։ Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպաններն էլ քրեական գործը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը, որը սկզբում կալանքի տակ էր, հետո դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Ավետյանը նախ արդարացնող, հետո մեղադրող ցուցմունք է տվել Առուշանյանի դեմ։ Պաշտպանական կողմն առաջին ատյանի դատարանում միջնորդել էր առնվազն 80 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Գորիսի քաղաքապետին:

«Հարգելի դատարան, ես գտնում եմ, որ առկա են այս փուլում բոլոր նախադրյալները՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոփոխելու գրավով: Խոսքը գնում է ահռելի գումարի մասին, բայց, այնուամենայնիվ, պատրաստակամ է այս գումարից սկսած ավելի գումար վճարել, միայն թե գտնվի ազատության մեջ և բոլորին ապացուցի, որ այն մտավախությունները, որոնք պետությունը ունեցել է նախկինում իր վերաբերյալ, պարզապես հորինված են: Հարգելի դատարան, Առուշ Առուշանյանը 7 ամիս է գտնվում է կալանքի տակ:​Ապացույցների այն կազմը, որը սահմանված է և այն ծավալը, եթե մենք սպառենք, կանցնի բավականին երկար ժամանակ: Այստեղ է ամբողջ խնդիրը, որ դուք պետք է այս հարցերի համատեքստում, ինչպես այն դատական ակտի մեջ, որը ես Ձեզ տվեցի և որը Ձեր կողմից կայացվել է, կալանքի շարունակականության համատեքստում գնահատեք՝ որքանով է դա ողջամիտ», - ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Վերաքննիչ ներկայացված բողոքը անհիմն են համարում գործով դատախազները, նշելով՝ բարձր է հավանականությունը, որ ազատության մեջ գտնվելով՝ Առուշանյանը կարող է օգտագործել իր պաշտոնական դիրքն ու հեղինակությունը և այդպիսով ազդեցություն գործադրել գործում ներգրավված անձանց նկատմամբ՝ խոչընդոտելով գործի պատշաճ քննությանը:

«Այլ խափանման միջոց, այդ թվում՝ գրավը, անկախ դրա չափից, չի կարող չեզոքացնել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը: Այսպիսով՝ քրեական գործում առկա են ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք բավարար են ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու համար, հաշվի առնելով, որ այդ խափանման միջոցն ի զորու չէ հակակշռելու Առուշանյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորմանը», - հայտարարեց դատախազը:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հակադարձեց. - «Արդյոք անձին մեղսագրվող ծանրության աստիճանը քննության հետագա փուլերում յոթ ամիս անց կարող է այդ բավարար գործոնը լինել՝ մնացածը թողած վերջինիս կալանքի տակ պահելու համար: Բնականաբար, ոչ, որովհետև եթե նման օրենսդրական բնորոշում լիներ, ապա բոլոր ծանր հանցագործություններով անձինք, անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ են գտնվում կալանքի տակ, կպահվեին կալանքի տակ մինչև նրանց խափանման միջոցը չփոխվի: Էն որ ասում են՝ բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը նման բնորոշում չի տալիս և նման պրակտիկա չունի: Ծանր հանցանքներով մենք տեսնում ենք, որ խափանման միջոցները փոխվում են, հետևաբար հարց է առաջանում՝ Առուշանյանը ինչո՞վ է տվյալ դեպքում բացառություն հանդիսանում»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի վաղը՝ փետրվարի 9-ին։