Օդանավակայանում գերիներին դիմավորել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը և Եվրամիության պատվիրակության ղեկավարը, որոնք պարզել էին Ֆրանսիայի և Եվրամիության դրոշները, այնտեղ էր նաև Հայաստանի արտգործնախարարի տեղակալը։
ԱԳՆ-ն հրապարակել է ժամանման տեսանյութ գերիները «Զվարթնոց» են եկել փոքր օդանավանով, որի վրա պատկերված է Ֆրանսիայի դրոշը։
Գերիների հերթական խմբի վերադարձը հաջորդեց Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև՝ ուրբաթ կայացած հեռավար հանդիպմանը։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ 8 գերիներից մի քանիսը 2021 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի սահմանային մարտերի ժամանակ ձերբակալվածներից են։ Շիրակի մարզպետն իր հերթին տեղեկացրել է, որ նրանցից 4-ը Շիրակի մարզից են։
«Ազատության» տեղեկություններով, շիրակցիներից 3-ը 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայիններից են, իսկ մեկը Զինված ուժերի պայմանագրային ծառայող է՝ գերեվարված անցած նոյեմբերին Իշխանասարի դիրքերից։
Հայաստան ժամանելուց հետո արդեն նախկին ռազմագերիները անցել են բժշկական հետազոտություն, ինչից հետո տեղափոխվել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, որն առայժմ չի ավարտվել։
Գերիների վերադարձի մասին ֆրանսերեն, ապա նաև հայերեն գրառում է արել Ֆրանսիայի նախագահը՝ գործողության համար շնորհակալություն հայտնելով եվրոպացի դիվանգետներին, ինչպես նաև զինվորականներին՝ «համախմբված աշխատանքի համար»։ Իր հերթին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել է, որ 8 հայ ձերբակալվածների վերադարձը Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը հաջորդած «դրական զարգացումների ևս մեկ նշան է»։
Վերադարձածներից մեկը Խծաբերդից գերեվարված Գրիգոր Կյուրեղյանն է։ Նրա մոր՝ Նաիրա Կյուրեղյանի խոսքով, անգամ չէին էլ ենթադրում, որ Գրիգորը այսօր Հայաստան է վերադառնալու. - «Լրիվ անակնկալ էր»։
Սակայն ծնողներն առայժմ իրենց որդիներին հանդիպելու հնարավորություն չեն ունեցել, սպասում են քննության ավարտին։
Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ Մինչև այսօր 8 գերիներին վերադարձնելը Ադրբեջանը հաղորդում էր, որ իր հսկողության տակ 46 գերի կա, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։
Հայ իրավապաշտպանների տվյալներով սակայն, Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է։ Եթե գերիների վերադարձի նախորդ դեպքերում Ադրբեջանը փոխարենը ստանում էր ականապատված տարածքների քարտեզները, ապա այժմ, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքուն տեղեկություններ է ակնկալում Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, որոնք, ինչպես իրենք են ենթադրում, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։
Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. - «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել», - մասնավորապես ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. ԱԳՆ խոսնակ