Պաշտոնական Երևանը հաստատեց Ադրբեջանից 8 գերիների վերադարձի փաստը՝ հրապարակելով նրանց անուն-ազգանունները․
Տարզյան Սարգիս
Բալայան Վարդգես
Պետրոսյան Արմեն
Բաբայան Արթուր
Սարգսյան Հմայակ
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Հայաստանի արտաքին գաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։
«Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ միջնորդությամբ այսօր՝ 2022 թվականի փետրվարի 7-ին, ևս ութ հայ զինծառայողներ ազատ են արձակվել և ապահով ժամանել են Երևան», - իր հերթին հաղորդում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։
Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Թվիթերում գրել է․ - «Ադրբեջանի կողմից 8 հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու հայրենադարձումը Ֆրանսիայի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանս հաջորդած դրական զարգացումների ևս մեկ նշան է։ Եվրամիությունը սատարում է կայունությունը և բարգավաճումը տարածաշրջանում»։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էլ, նույնպես Թվիթերում, գրել է․ - «Ութ հայ ձերբակալվածներ ազատ արձակվեցին Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվեցին Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից բաժանվել էին ամիսներ առաջ։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորականներին։ Շարժվում ենք առա՛ջ»։
Թվիթերում գրառում է կատարել նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ - «Ողջունում ենք հայաստանցի ձերբակալվածների ազատ արձակումը Ադրբեջանի կողմից։ Կարևոր մարդասիրական ժեստ, որ հետևում է Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի՝ ուրբաթ օրը կայացած քառակողմ հանդիպմանը»։