Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստան է վերադարձրել ևս 8 զինծառայողների

Հայրենադարձված հայ ռազմագերիներ, արխիվ

Ադրբեջանը Հայաստան է վերադարձրել ևս 8 հայ զինվորների։ Այսօր այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Ադրբեջանը, առաջնորդվելով հումանիզմի սկզբունքներով, փետրվարի 7-ին Հայաստան է վերադարձրել 8 հայ զինծառայողների»։

Նշվում է նաև, որ վերադարձված զինծառայողներից ոմանք ձերբակալվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ի իրադարձությունների ժամանակ։

Բաքուն ակնկալում է 8 հայ գերիների դիմաց ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, ովքեր, ենթադրաբար, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում, և այդօրինակ զանգվածային հուղարկավորումների վայրերի մասին:

Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին է հանձնել գերեվարված ընդհանուր թվով 149 զինծառայողների և քաղաքացիական անձանց։

Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում դեռ պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված մոտ չորս տասնյակ հայ: