Հայաստան-Ադրբեջան երկաթուղու ծրագիրը անորոշ պոպուլիզմ է. ընդդիմադիր պատգամավոր

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու ծրագիրը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը անորոշ պոպուլիզմ է որակում։

Նույնիսկ ծրագիրը գովող օրվա իշխանությունները նախագծի մեկնարկի, առաջ գնալու գնահատում դեռ չուեն՝ «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ավետիսյանն՝ ընդգծելով՝ օրերս առաջնագծում էր «թուրքն էլ կրակում էր ու հենց այն տարածքներից, որտեղ, իշխանությունների խոսքով, երկաթուղին պետք է անցնի»։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ անվտանգային հարցերն են ամենակարևորը։

«Դուք ձեր բեռը անվտանգ ճանապարհով ավելի լավ է մի քիչ թանկ ուղարկեք, քան ուղարկեք և այլն։ Երկրորդ՝ ամենակարևոր հարցը, որ էդքան ասում են, դեռ չգնահատած՝ տնտեսական էֆեկտներ են կանխատեսում և ակնկալում, եթե դա պոպուլիզմ չէ, իրողություն է, բա ինչո՞ւ չեն նաև այն գործոնն ասում, որ էդ ճանապարհով բեռ պիտի անցնի, բայց ո՞ր բեռը պիտի անցնի։ Էն բեռն է անցնելու, որ հիմա Իրանից մտնում է Հայաստան և գնում է Վրաստան, այսինքն՝ էդ նույն բեռի մի մասը պիտի էդ ճանապարհով անցնի, այսինքն՝ էն 500 կիլոմետրը, որ Հայաստանի տարածքով անցնում գնում է, դրա մի մասը, ընդամենը Հայաստանի տարածքով՝ էդ ճանապարհով 40 կմ է անցնելու, սա էլ թող հաշվի առնեն, եթե ընդհանուր են գանահատում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ ինքը վստահաբար փող չէր դնի էդ նախագծի մեջ։

Ռուսաստանի փոխվարչապետի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի երևանյան բանակցություններից հետո, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե շատ մոտ են տարածաշրջանում ուղիների վերագործարկման առաջին արդյունքներին։ Փաշինյանը նշեց, որ արդեն իսկ քննարկվում են տեխնիկական, ֆինանսական ու շինարարության մեկնարկի հարցերը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի մինչև երեք տարի:

«Երբ ստվերայինն է դառնում գրանցված աշխատատեղ, էդտեղ սոցիալական ազդեցություն դրական չկա»

Երեկ կառավարության նիստի ժամանակ գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 աշխատատեղ։ Նիկոլ Փաշինյանը սա բացարձակ ռեկորդ համարեց երրորդ հանրապետության պատմության ընթացքում։

Հարցին, թե սա կառավարության լավ աշխատանքի վկայությո՞ւնն է, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց՝ ինքնին երբ որ գրանցված աշխատատեղերի թիվը ավելանում է, դա դրական երևույթ է, սակայն, երբ թաքնված կամ ստվերային աշխատատեղն է դառնում օրինական գրանցված աշխատատեղ, էդտեղ սոցիալական ազդեցություն դրական չկա։

«Էդ նույն մարդն էր՝ իր նույն վարձատրությամբ և այլն։ Իհարկե, դրականը այն է, որ պետական բյուջեն նաև հարկեր կվճարվի։ Նոր ստեղծվող աշխատատեղերը և թափուր աշխատատեղերը հենց պետական մարմինը գրանցում է։ Երբ որ էդ վիճակագրությունն ես նայում, շատ չնչին մասն է․ դրանք տասնյակ հազարներ չեն։ Թափուր աշխատատեղից ասենք մոտ մինչև 1000-ը նոր ստեղծվող աշխատատեղեր են, 2-3 հազարը լավագույն դեպքում, դրանք էն թափուր աշխատատեղերն են, որոնք գործակալույթունում գրանցվում են, առանձին տող կա՝ նոր ստեղծվող աշխատատեղերի գրանցում, շատ չնչին թվեր են՝ մի քանի հարյուր են՝ տարեկան։ Չի կարելի ամեն դեպքում ոչ լիարժեք տեղեկատվություն ներկայացնել, որովհետև օրվա իշխանությունները պիտի ամենապատասխանատուն լինեն։ Հիմա տեսեք ես քանի խնդիր ասացի, որ էդպես էլ չհնչեց, և եթե դրանք չեն հնչում և էդ թիվը լսում է քաղաքացին, մտածում է՝ «դե երևի բոլորը դարձել են արդեն աշխատող, ինքն է մնացել գործազուրկ», - ասաց Ավետիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև