Հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 90 տոկոսը կարծիք է հայտնել, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։
Միջազգային հանրապետական ինստիտուտի հերթական հարցումն անցկացվել է անցած տարեվերջին՝ 1512 քաղաքացու շրջանում։ Անվտանգության, արտաքին և ներքին քաղաքականության, պետական ինստիտուտների գործունեության մասին տարաբնույթ հարցերը ամփոփած ուսումնասիրության հեղինակները եզրակացրել են, որ հայաստանցիները առաջնային են համարում տարածքային և սահմանային անվտանգության խնդիրները։
«Ղարաբաղյան վերջին պատերազմն ու տարածաշրջանում ռազմական բախումների պատմությունն աչքի առաջ ունենալով, հասկանալի է, որ հայաստանցիներն անհանգստացած են ազգային անվտանգությամբ և սահմանային խնդիրներով։ Հայաստանցիները ցանկանում են տեսնել տարածքային երկարամյա այս խնդիրների հանգուցալուծումը», - ասել է IRI-ի եվրասիական բաժնի ղեկավար Սթիվեն Նիքսը։
Հարցման ծավալուն հատվածը հենց այս խնդիրներին էլ նվիրված է։ Այսպես՝ «Ե՞րբ սկսել դելիմիտացիան ու դեմարկացիան»․ ժամկետների մասին խոսելիս հարցվածների 25 տոկոսը կարծիք է հայտնել, որ դա պետք է տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումից և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, 16 տոկոսը կարծում է՝ միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Զինված ուժերը վերականգնվեն, 16 տոկոսը մտածում է, որ այս պահին գործընթացի մեկնարկը չի բխում Հայաստանի և Արցախի շահերից, իսկ 15 տոկոսը նշում է՝ որքան հնարավոր է շուտ, 14 տոկոսն էլ, թե՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկզբունքների հստակեցումից հետո։
«Ադրբեջանի հետ տրանսպորտային ուղիների բացումը ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա», - այս հարցին էլ 5 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ դրական, 45-ը՝ միանշանակ բացասական։
Իսկ Թուրքիայի հետ տրանսպորտային ուղիների բացումը քաղաքացիների 6 տոկոսի կարծիքով միանշանակ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման վրա, միանշանակ բացասական՝ 36 տոկոսի կարծիքով։
Ուսումնասիրության մի ծավալուն բաժին էլ վերաբերում է պետական մարմինների աշխատանքին։ Ըստ հարցման՝ հայաստանցիները ամենաշատը գոհ են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ամենադժգոհը՝ Ազգային ժողովից, նախագահի գրասենյակից, դատարաններից։
Քաղաքացիներին հարց է ուղղվել նաև՝ «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ»։ Հատկանշական է, որ եթե մայիսին հարցվածների 41 տոկոսը պատասխանել էր, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 20 տոկոսը կարծում էր՝ սխալ ուղղությամբ, ապա արդեն տարեվերջին պատկերը փոխվել է՝ 46 տոկոսը նշել է, որ սխալ ուղղությամբ է շարժվում, 34 տոկոսը՝ ճիշտ։