Ադրբեջանը հայկական կողմի առաջարկներին որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ, պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ. Բայրամով
«Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահը 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրել են հայտարարություն, որը հրապարակային է և հասանելի համացանցում: Այդ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ երեք երկրների ղեկավարները պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործընթացը տանել դեպի դելիմիտացիայի և դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Երեք երկրների ղեկավարների ստորագրած հայտարարությունից բխում է, որ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի գործունեությանը պետք է նախորդի հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց իրագործումը: Սա տրամաբանական է նաև այն պատճառով, որ դժվար է պատկերացնել սահմանազատման աշխատանքների իրականացում այն սահմանին, որտեղ ամեն օր տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Հայաստանի Հանրապետությունը, իրապես շահագրգռված լինելով պայմանավորվածությունների լիարժեք իրագործմամբ, դրանց իրականացման իր պատկերացումներն է ձևակերպել: Ադրբեջանական կողմը որևէ բովանդակային արձագանք չի տվել, բայց մերժել է դրանք՝ փոխարենը չառաջարկելով երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակներ», - ընդգծել է Վահան Հունանյանը:
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Հայաստանի առաջարկները «պայման», «նախապայման» անվանելը, ապա դրանց վերաբերյալ բարոյական, քաղաքական, իրավական գնահատականներ հնչեցնելը «ոչ մի տրամաբանական կապ չունի վերը նշված գործընթացի հետ»:
Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Հայաստանը վիժեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը որակել է «առնվազն տարօրինակ»:
«Եթե նկատի է առնվում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով Եռակողմ աշխատանքային խումբը, զավեշտալի զուգադիպությամբ նույն օրն առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման գործնական քայլերի փուլում է և աշխատանքային խմբի հայաստանյան համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 2-ին Երևանում այս թեմայով առարկայական քննարկում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ: Վարչապետ Փաշինյանը գնահատելով իրադրությունը հայտարարեց, որ Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին արդյունքների արձանագրումը շատ մոտ է թվում: Այս համատեքստում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները առնվազն տարօրինակ են և հույս ունենք երկաթուղու վերագործարկման հարցում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարում չեն նշանակում», - ընդգծել է Հունանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՀՀ և ՌԴ փոխվարչապետերը քննարկել են տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարներըԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին, որի մասին վարչապետը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է:
ԱԳՆ-ն հայտնում է նաև, որ ավտոճանապարհների բացման մասին նույնպես Հայաստանը առաջարկություններ է արել ադրբեջանական կողմին: Այդ առաջարկություններին մինչև օրս որևէ պատասխան ադրբեջանական կողմից չի հնչել. «Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել այդ առաջարկների իրագործումը»: