Անկարան ու Կիևը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական համագործակցությունը

Կիևում Թուրքիայի և Ուկրաինայի միջև ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրվել, կողմերը պայմանավորվել են ընդլայնել ռազմավարական համագործակցությունը, ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով 10 միլիարդ դոլարի:

Կիևն ու Անկարան նաև համաձայնել են ընդլայնել Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Այս պայմանավործություններ ձեռք են բերվել այսօր Կիևում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցի ընթացքում։ Բորիսպոլ օդանավակայանում դիմավորման արարողությունից հետո Թուրքիայի առաջնորդը ծաղկեպսակ է դրել Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանին, Ապա Մարինսկի պալատում առանձնազրույց ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Զրույցն ավելի քան 3 ժամ է տևել։ Այնուհետև երկու ղեկավարները նախագահել են երկու երկրների ռազմավարական համագործակցության խորհրդի 10-րդ նիստը թուրք և ուկրաինացի մի շարք նախարարների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ։ Նիստից հետո Էրդողանն ու Զելենսկին երկկողմ համաձայնագրեր են ստորագրել և համատեղ ասուլիսով հանդես եկել:

Էրդողան-Զելենսկի բանակցությունների առանցքային թեմաներից է եղել ռուս-ուկրաինական լարվածությունը։ Թուրքիայի նախագահը վերստին հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի երկու երկրների լարվածությունը չհասնի թեժ բախումների: Նա հիշեցրել է Թուրքիայում նախագահներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը հյուրընկալելու առաջարկի մասին:

«Ես ողջունում եմ նախագահ Զելենսկու և ուկրաինացի ղեկավարների ուղերձները, որոնք առաջ են մղում ողջամտությունն ու երկխոսությունը: Ինչպես ավելի վաղ ընդգծել եմ, որ Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն բան սևծովյան տարածաշրջանում երկու հարևան երկրների միջև ճգնաժամին վերջն դնելու համար: Պարոն Զելենսկու հետ քննարկման ժամանակ ընդգծել եմ, որ սիրով կհյուրընկալենք երկու առաջնորդների մակարդակով գագաթնաժողով կամ տեխնիկական մակարդակով հանդիպումներ: Քանի որ Թուրքիան կրակը թեժացնելու փոխարեն շարժվում է լարվածությունը թուլացնելուն միտված տրամաբանությամբ», - նշել է Էրդողանը:

Նախքան Կիև մեկնելը Էրդողանը ասել էր, թե Թուրքիան սատարում է իր ռազմավարական դաշնակից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Խոսելով Մոսկվայի և Կիևի միջև ռազմական բախման վտանգի հավանականությամբ լարվածության մասին՝ Թուրքիայի նախագահը կողմերին ողջամտության և երկխոսության կոչ էր արել: Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը կրկնել է իր այս դիրքորոշումը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին երախտագիտություն է հայտնել թուրք պաշտոնակցին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակասությունները հարթելու համար միջնորդ դառնալու պատրաստակամության համար: Զելենսկին ընդգծել է՝ բոլոր հարթակներում պատրաստ են ամեն բան անել Ուկրաինայում խաղաղության համար:

Խոսելով ռազմաարդյունաբերական և ռազմաօդային բնագավառում ռուս-ուկրաինական համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նախագահ Զելենսկին ասել է. «Մեր նպատակն է պաշտպանական համատեղ ծրագրեր, նախաձեռնություններ ստեղծել, փորձի և տեխնոլոգիայի փոխանակում անել: Այսօր ստորագրված համաձայնությամբ Ուկրաինայում ընդլայնվելու է BAYRAKTAR Makina ընկերության ԱԹՍ-ների արտադրությունը»:

Զելենսկին հույս է հայտնել, որ «երկու երկրների միջև բարեկամությունը կամրապնդվի ոչ թե ընդհանուր սպառնալիքների, այլ համատեղ ձեռքբերումների շնորհիվ»:

Էրդողանի այցը Կիև համընկնում է Թուրքիայի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ: