Անչափահաս երեխայի մայրը օրերս դիմել է ոստիկանություն ու պատմել, թե իր երեխային մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են հող, խոտ և կղանք ուտել, պարանով կապել են ձեռքերն ու պարանոցը՝ երկաթյա տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։
Իրավապահներին դիմած կինը ասել է, որ երկու տարի՝ 2019-ից մինչև 2021 թվականը այդ մանկապարտեզ հաճախած իր երեխայի նկատմամբ պարբերական խոշտանգումների պատճառը հոր ազգությունն է, նա պակիստանցի է։
Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով։ Եթե պարզվի, որ արարքը կատարվել է ռասայական շարժառիթով, ապա ենթադրյալ մեղավորներին կսպառնա մինչև 7 տարվա ազատազրկում։
«Ազատության» տեղեկությունով՝ կնոջ նշած հաստատությունը Երևանի թիվ 124 մանկապարտեզն է, որի կողպված դուռն այսօր այդպես էլ չբացվեց մեր առջև։ Նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանն ասաց՝ կորոնավիրուսի պատճառով անգամ ծնողների մուտքն է արգելված։ Տեսանկարահանվել չցանկացավ, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ նման դեպք իրենց մանկապարտեզում տեղի է ունեցել:
«Թող նախաքննություն ընթանա, ոչ ոք չի պատրաստվում ոչ մի բան կոծկել, ես չեմ հերքում կամ հաստատում», - ասաց Լադոյանը:
Տեղեկությունը փորձեցինք պարզել հենց ծնողից։ Եղանք նրանց տան բակում, հարևանները հաստատեցին, որ մեր նշած անուն ազգանունով կինը հենց այդտեղ է բնակվում, որ ամուսինը պակիստանցի է ու անչափահաս երեխա ունեն։ Ըստ ոստիկանության՝ կինը նշել էր, որ երեխայի հանդեպ խոշտանգումները մեկ օրվա չեն, այլ՝ երկու տարվա։ Իսկ, թե ինչո՞ւ է մայրը 2 տարի անց դիմել ոստիկանություն՝ չկարողացանք պարզել։ Տևական ժամանակ սպասեցինք տան առջև, դուռը կիսով չափ բացվեց ու մեկ անթարթում փակվեց:
Մանկապարտեզը գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ։ Քաղաքապետարանը դեպքին կարճ հաղորդագրությամբ է արձագանքել. «Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնասիրություններ իրենց լիազորությունների շրջանակներում: Ելնելով կատարված ուսումնասիրությունների արդյունքներից և երեխայի լավագույն շահից, ինչպես նաև հաշվի առնելով, որ գործը վերաբերում է երեխայի նկատմամբ բռնությանը, գործն ուղարկվել է ոստիկանություն»:
Իրավապաշտպաններ. Հայաստանում խտրական վերաբերմունքն առհասարակ անհանգստացնող երևույթ է
Մինչև իրավապահները կպարզեն եղելությունը, իրավապաշտպաններն արձանագրում են՝ Հայաստանում խտրական վերաբերմունքն առհասարակ անհանգստացնող երևույթ է ու ոչ միայն ուսումնական հաստատություններում։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատում է՝ խտրական վերաբերմունքի են արժանանում հիմնականում ասիական ազգերի ներկայացուցիչները։
«Կարող ենք շատ լավ հիշել այն դեպքը, երբ կինը հրապարակել էր այլազգի ամուսնու հետ իր լուսանկարները հայկական տարազով և դրա շուրջ բավական լուրջ քննարկում ծավալվեց, որովհետև կինը հայ էր, իսկ ամուսինը այլ ռասայի ներկայացուցիչ: Խտրականության դրսևորումների պարագայում ինքնապաշտպանություն կամ միաձուլվելու վախ, որ ազգը կլուծվի այլ ազգերի մեջ, ու հայի ինքնապաշտպանական այդ առաջին ռեակցիան հստակ առկա է», - նշեց իրավապաշտպանը:
Նախորդ տարի Քննչական կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2020-ին 328 քրեական գործ է հարուցվել երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների փաստով, դրանցից ավելի քան 70-ը երեխաներին բռնաբարելու դեպքեր են եղել։ Բայց ոստիկանությունից ու Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դպրոցներում և մանկապարտեզներում հոգեբանական, ֆիզիկական ճնշման ու բռնության դեպքերն առանձին չեն հաշվառվում։
Աշխարհում երեխաների անվտանգությամբ զբաղվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետ Վիկտորիա Օհանյանն ասում է՝ հստակ վիճակագրության բացակայությունը ոլորտի կարգավորման խնդիրներից մեկն է։ Բուլինգը հաճախ հանցագործություն է ծնում, դա էլ պետք է հաշվառվի, ասաց նա:
«Լուծման ճանապարհն այլ է, դպրոցը դառնում է պոզիտիվ պարտականության կրող՝ նույնացնելու, տեսնելու բուլինգի դեպքը և տալու դրան համապատասխան ընթացք, որի արդյունքում, իհարկե, նաև այդ դեպքը կարձանագրվի, կկարողանանք պատկերացում կազմել այն մասին, թե ինչքանով հաճախ է տեղի ունենում բուլինգի երևույթը մեր դպրոցներում՝ որ տարիքային խմբերում ավելի շատ, ինչպիսի դրսևորումներ է ունենում», - ընդգծեց Հովհաննիսյանը:
Հաճախ դպրոցը ոչ միայն ֆիզիկական ու հոգեբանական բռնության դեպքերն ինքնուրույն չի բացահայտում և իրավապահներին ներկայացնում, այլև երբեմն թաքցնում է։ Ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը հիշեց, թե ինչպես են ոչ վաղ անցյալում, տարրական դասարանում սովորող իր երեխային դասընկերները խոշտանգել։ Ասաց՝ երեխան օնկոլոգիական խնդիրների պատճառով հաճախ է բացակայել դասերից, բայց գերազանց առաջադիմությունը դրանից չի փոխել։ Կարծում է, որ հենց դա էլ նախանձ ու խանդ է առաջացրել դասընկերների մոտ, որոնք երեխայի ձեռքը երկաթյա դռան տակ են դրել ու այնքան հարվածել, որ արնահոսել է, ստիպված բժիշկները կարել են վերքը։
«Ամուր սեղմելով մի քանի անգամ վրա-վրա փակում էին էդ դուռը, ձեռքը վնասվել էր, արնահոսում էր և արնահոսությունը չէին կարողանում կանգնեցնել: Հաջորդ օրը դասղեկը երեխային կանգնեցրել է ամբողջ դասարանի մեջտեղը ու ասել՝ «հա, ինչ կլինի, մի երկու անգամ էլ քեզ խփել են»: Ոստիկանությունը եկել էր դպրոց, ոստիկանն ինձ ասում է՝ «չեք ամաչո՞ւմ, ձեր մեջ լուծեիք էլի հարցերը», - պատմեց «Ազատության» զրուցակիցը:
Անցած տարի մի խումբ ծնողներ երևանյան մեկ այլ մանկապարտեզում աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքի մասին էին ահազանգել, քրեական գործ էր հարուցվել։ Իսկ պակիստանցի հոր և հայ մոր երեխայի նկատմամբ բռնության մասին հայտարարություններն իրավապահներն ուսումնասիրում են, շատ մանրամասներ առայժմ հայտնի չեն։