Մատչելիության հղումներ

Տնից փախած աղջնակը վերադառնալ չի ուզում


Տնից փախչող անչափահասների թիվն ավելացել է․ այս շաբաթ ոստիկանությունը երկուսին էր որոնում՝ 12-ամյա տղա ու 15-ամյա աղջիկ։ Տղան գտնվեց հարևանի նկուղում՝ թաքնված։ Աղջիկը ինքն էր մարզից մայրաքաղաք՝ ոստիկանություն հասել։

«Ես տանից փախել եմ գիշերով, առանց մտածելու, թե իմ կյանքի հետ ինչ կարա լինի, նույնիսկ դաշտերի միջով, որ մայրիկի էլ շատ հեռու լինեմ», - «Ազատության» հետ զրույցում պատմեց 15-ամյա Նարեն:

Աղջիկը տնից փախել է օգոստոսի հինգի գիշերը՝ դաշտերն անցել, վազքով դուրս եկել մայրուղի:

«Ես վազում էի՝ երկու բարի մարդ կանգնեցին և ինձ հասցրեցին Երևան: Նրանք գումար էին տվել՝ 2000 դրամ, որովհետև չգիտեին, ինչի եմ եկել, նույնիսկ չգիտեին, որ տանից փախել եմ: Հարցնում էին, թե ուր եմ գնալու, ես ոչ մի բան չէի ասում, խնդրում էի, որ ինձ հարցեր չտան, միայն հասցնեն Երևան: Մոտիկացել եմ երթուղային տաքսի, խնդրել եմ, որ ինձ տանեն ոստիկանություն, որպեսզի ես իրանց խնդրեմ, որպեսզի իմ ընտանիքից շատ հեռու տանեն», - պատմեց նա:

Նարեն գյուղերից մեկում է ապրում մայրիկի ու նրա երկրորդ ամուսնու հետ: Ասում է՝ խորթ հայրիկը խմել սիրում է, բայց խնդիրները նրա հետ չեն: Պատմում է, որ մայրիկին հունից հանում են իր բոլոր ցանկությունները՝ բանաստեղծություն գրելուց, զինվորական դառնալուց մինչև աստղերին նայելը

«Ոչ միայն ծեծել, նաև հոգեպես են բռնության ենթարկել», - ասում է աղջիկը, - «Ես ամեն գիշեր դուրս եմ գալիս, նստում եմ բարձր պատի վրա և սկսում եմ աստղերին նայել: Դա նրանց դուրս չի գալիս»:

Աղջիկն այժմ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում է, իրեն շատ լավ է զգում: Նրան բացատրել են, որ իր երազանքները անպայման կատարվելու են:

Երեխաների աջակցության կենտրոնի մասնագետները աղջկա մայրիկի հետ խոսել են: Մասնագիտակաան թիմի ղեկավար Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն ասաց՝ ընտանիքին նաև այցելելու են․ - «Փորձում ենք հասկանալ պատճառները երեխայի փախուստի, հասկանալ ինչով հնարավոր է ընտանիքին օգնել վերամիավորվելու»:

Մասնագետի խոսքով՝ հիմնականում հաջողում են երեխաներին տուն վերադարձնել, իսկ այն որ աղջիկն այս պահին այդ մասին լսել էլ չի ուզում՝ բնական է, վիճակը, որից փախել է, անփոփոխ նույնն է. պետք է աշխատել ընտանիքի հետ:

Կենտրոնում երեխաների փախուստի դեպքերի ավելացումը բացատրում են նրանց իրազեկվածության բարձրացմամբ՝ եթե տանը բռնություն կա, նրանք բարձրաձայնում են, մթնոլորտը թեժանում է ու գծվում է փախուստի ծրագիրը։ Ոստիկանությունում համաձայն են՝ դեպքերի փոքր ավելացում կա: Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով՝ թվերը կարևոր չեն, մեկ դեպքն էլ շատ է:

«Ավելի շատ փախչում են ընտանիքի անառողջ մթնոլորտից, միայնակ ծնողից, հարբեցող կամ խորթ հորից», - ասում է Նելլի Դուրյանը։

Հետաքրքիր է այն, որ ավելի հաճախ աղջիկներն են փախչում: Ոստիկանության գնդապետի դիտարկմամբ՝ նրանք հաճախ են հայտնվում սոցցանցային ծանոթությունների թակարդում ու պոկվում մայրաքաղաք: Լուծումն, ըստ նրա, խոցելի ընտանիքների հետ աշխատանքն է․ - «Ոստիկանությունը անդրադարձ է կատարել և առաջարկություն է ներկայացվել ստեղվեն համայնքային վերականգնողական երկարատև ծառայություններ, որպեսզի կարողանանք այդ աղջիկներին օգնել: Այստեղ երկուստեք աշխատանք է անհրաժեշտ կատարել՝ ծառայություն մատուցել թե՛ ծնողների, թե՛ երեխաների հետ»:

Լավ լուրն այն է, շաբաթվա փախածները գտնված են և այս պահին որոնվող որևէ երեխա չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG