Մինչև մարտին կայանալիք նախագահի ընտրությունը Վահագն Խաչատրյանը կշարունակի կատարել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Խաչատրյանը առաջադրվել է նախագահի թեկնածու 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի այդ պաշտոնում։
Գործադիրի ղեկավարը նկատեց՝ մյուս ՔՊ-ականները առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական, իրավական պատճառներով՝ նշելով, որ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի պատգամավորական գործունեությունը կասեցված է, նա կատարում է նախագահի լիազորությունները, մյուս պատգամավորներն էլ գործուղման են։
«Առաջադրման հարցում ՔՊ վարչության և խմբակցության միջև կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում կունենանք հանրապետության նախագահի ընտրություն, այսինքն՝ ընտրությունը կկայանա և մենք կշարունակենք մեր գործունեությունն արդեն նոր կարգավիճակում, որից հետո կառավարության կազմում նոր նախարար կնշանակվի», - հայտարարեց Փաշինյանը՝ չնշելով նոր նախարարի հավանական թեկնածուի անունը՝ իրադարձություններից առաջ չընկնելու պատճառաբանությամբ։
«Իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն»
Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Փաշինյանը հայտարարել էր, թե նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ։ Վարչապետն այսօր վերահաստատեց՝ իշխանության թևերը ոչ թե մեկը մյուսին պետք է հակադրվեն, այլ՝ լրացնեն։
«Խնդիրը հետևյալն է, որ մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, ընդհանուր ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում, աշխատանքի մեխանիզմ է խաթարում։ Էլի եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը ամեն տեղ, ամեն ինչում ունեն նույն կարծիքը, ոչ, նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր եզրակածության, և ընդհանուր կարծիքի և այդ ընդհանուր կարծիքն ունի որոշակի կոմպոնենտ՝ արտահայտված որոշակի մտքերից, տեսակետներից», - եզրափակեց գործադիրի ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետության նախագահի հրաժարականի ու ընտրության կարգը