Սահմանամերձ Երասխում վերջին ամիսներին կրակոցները նվազել են, բայց գյուղացիները շարունակում են վնասներ կրել։ Ասում են՝ ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ հենց գիշերային ժամերին են ակտիվանում, կրակում են անգամ գյուղի ուղղությամբ։
Վիկտորյա Մուրադյանի ընտանիքին պատկանող արևային ջրատաքացուցիչն ադրբեջանական կրակոցից է վնասվել։ Կինը տարակուսած է՝ արդյո՞ք պետությունը կփոխհատուցի իր վնասը, սարքի ապառիկը դեռ չէին մարել. «Կրակոց լսեցի, ես իմացա` պայթյուն է: Դուրս եկա, տեսնեմ` ջուրը շփում է, նայեցի, որ արևայինն է վնասվել: Զանգեցի, եկան, նայեցին, իրոք որ կրակոցից էր»:
Արդեն կես ամիս է՝ սպասում են ջրատաքացուցիչը վաճառող ընկերության ներկայացուցչին: Տիկին Վիկտորյան չգիտի էլ՝ արդյոք միայն նորոգումով կպրծնեն, թե պետք է նորը գնեն. «Դե բակն ա ընդհանուր, դե մի հատ ապակին ա, էդքանը ես գիտեմ, հիմա ոչ էկել են, ոչ նայել են, կարող ա ուրիշ բան էլ է վնասվել, չգիտեմ»։
Դեռ աշնանը գյուղացիներից մի քանիսի ամբողջ անասնակերը մի քանի րոպեում էր այրվել։
«Մեր խոտը, հարևանի խոտը, 10 հազար տուկ մեկինն է, 200 մեկինն է», - պատմում է Կարինե Օհանյանը:
Վերջերս Արարատ խոշորացված համայնքին միացած Երասխի գյուղապետարանում ավագանու որոշմամբ գյուղացիներին որոշակի փոխհատուցում է տրամադրվել, վստահեցրեց վարչական ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ասաց, թե նաև դիմել են կառավարությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախա-ադրբեջանական շփման գծից բացի, այսօր կրակոցներ են արձակվել նաև Երասխի ուղղությամբԻնչո՞ւ սահմանամերձ բնակիչների խնդրին կառավարությունից շուտ չեն արձագանքում, այդ հարցով իրավասու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից սահմանված ընթացակարգերին են հղում անում ու հաստատում՝ օրենքով սահմանված չէ, թե ինչ ժամկետներում, երբ պետք է գործադիրը տրամադրի փոխահատուցմը։ Ասում են՝ կառավարությունը փոխհատուցումը տրամադրում է՝ ըստ հրատապության, փոխհատուցումների ուշացումներն էլ, թե բազմաթիվ հայտերի առկայության հետևանք են. «Վստահեցնում եմ, որ կառավարությունն ունի համապատասխան գործիքակազմ հատկապես պատերազմից հետո, որ նման դեպքերում փոխհատուցումներն իրականացվում են մեր տուժած քաղաքացիներին կամ տնտեսվարող սուբյեկտներին»:
Փոխհատուցման տրամադրումը ժամանակատար ընթացակարգեր է պահանջում. իշխանական պատգամավորը
Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենսդրական բացի խնդիր չի տեսնում։ Վստահ է՝ կառավարությունը հնարավորինս շուտ աջակցում է գյուղացիներին։ Պատգամավորն էլ է նկատում՝ մինչ փոխհատուցման տրամադրումը ժամանակատար ընթացակարգեր են պահանջվում. «Հարցի լուծման համար պետք է կատարվեն ուսումնասիրություններ, պետք է նույնիսկ նյութեր նախապատրաստվեն, հնարավոր է` դատաքննչական մարմիններում նյութեր կան այդ փաստերի առթիվ` գույքի վնասման և այլն, դա կապ չունի` ինչի հետևանքով է առաջացել: Անհրաժեշտ է լինում ապրանքագիտական եզրակացություններ տրամադրել, հիմնական ժամանակը դրա վրա է գնում, երբ որ փորձաքննություն են նշանակում, թե այս մարդու կրած վնասն ինչքան է կազմում, որպեսզի պետությունը հասկանա, թե ինչ սահմաններում է հատուցումներն իրականացնում», - նշեց նա:
Իշխանական պատգամավորը Սյունիքի միջգերատեսչական աշխատանքային խմբում է ընդգրկված. սահմանամերձ դարձած գյուղերի հրատապ խնդիրներով են զբաղվում։ Վստահեցնում է՝ նույն Սյունիքում հրատապ խնդիրներն արագ են լուծվում հենց աշխատանքային խմբի միջոցով։ Ասում է՝ նման դեպքերում նաև համայնքային հանձնաժողովներն անելիք ունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե իմանաս նորմալ կլինի, կասես՝ թող աշխատի, բայց Ալիևը սուս անող չի. երասխցիները՝ երկաթգծի վերագործարկման մասինԵրասխում չգիտեն` որ պատասխանատու գերատեսչությունը պետք է զբաղվի իրենց խնդրով, արդեն 3 ամիս է՝ սպասում են իրենց վնասի փոխհատուցմանը։ Ամբողջ անասնակերն է այրվել, այս ընթացքում կենդանիներին ստիպված վաճառել են ու զրկվել եկամտի աղբյուրից։
«Առանց անասնակեր մնացել ենք, անասունն էլ ծախել ենք, տարել են, տանողն էլ կորել է, չկա», - նշում է Կարինե Օհանյանը:
Անցած մեկուկես տարում գործադիրը խնդիրների շատ քիչ մասն է փորձել լուծել. ընդդիմադիր պատգամավոր
Իսկ վնասի փոխհատուցման դեպքերը ոչ թե նվազում են, այլ ավելանում. հետպատերազմական Հայաստանում սահմանամերձ դարձած բնակավայրերում բնակիչներն անվտանգությանն առնչվող խնդիրներին ամեն օր են առնչվում։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը սահմանամերձ գյուղերին առնչվող համալիր լուծումների անհրաժեշտություն է տեսնում: Ասում է՝ դեռ պետք է քննարկել՝ այդ հարցերը օրենսդրական դաշտում են, թե հենց կառավարության որոշումներով հնարավոր է լուծել։ Անցած մեկուկես տարում, նրա գնահատմամբ, գործադիրը խնդիրների շատ քիչ մասն է փորձել լուծել։
«Սկսած նրանից, որ արտովայրերը կա՛մ դիտարկվում են, կա՛մ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, կա՛մ ջրային պաշարների ադրբեջանական վերահսկողություն, նույնիսկ տեղաշարժերի առումով մենք ունենք լուրջ խնդիրներ, և այս խնդրին պետք է նայել շատ ավելի լայն կոնտեքստում, ընդհուպ նաև առանձին միջադեպերով, որը բավականին մեծ վնաս է հասցնում սահմանամերձ համայնքում ապրող մեր բնակիչներին», - շեշտեց Աբրահամյանը: