Իշխանական «Քաղաքացիական պայմանագրի» նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ Վահագն Խաչատրյանն է։
Նա այսօր ավելի քան 2,5 ժամանոց փակ հանդիպում անցկացրեց ՔՊ-ականների հետ. եկավ ԱԺ-ի նախագահի համար նախատեսված մուտքից, նույն տեղով էլ իշխանականները նրան ուղեկցեցին։
Լրագրողները Խաչատրյանի հետ շփվելու հնարավորություն այսօր չունեցան։ Տեղեկությունը, որ Խաչատրյանն է իրենց թեկնածուն, ու որ առաջիկայում նաև առաջադրում կլինի, փոխանցեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա պնդում էր, որ խմբակցությունում միակարծություն է, Խաչատրյանին կընտրեն։ Նրան քաղաքակնության մեջ խոհեմ մարդ են համարում։
Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված են, Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր է. Ալեն Սիմոնյանն այսօր ստորագրել է համապատասխան արձանագրությունն ու հրապարակել։
«Պարոն Խաչատրյանը իր թե' անցած ճանապարհով, իր կենսագրությամբ, թե' մարդկային որակներով և հատկանիշներով, թե' իր քաղաքական խոհեմությամբ իսկապես այն անձն է, որ կարող է լավագույնս կատարել այս կարևոր առաքելությունն ու պատասխանատվությունը», - նշեց Կոնջորյանը։
Նախագահի թեկնածուները պետք է առաջադրվեն մինչև շաբաթավերջ, կիրակին վերջնաժամկետն է։ Իշխանությունից բացի, ընդդիմությունը ևս կարող է նախագահի թեկնածու առաջադրել՝ 27 պատգամավորի ստորագրություն է պետք։ Ընտրությունը ամենայն հավանականությամբ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կանցկացվի. հրաժարականի դեպքում նոր նախագահի ընտրության համար ԱԺ կանոնակարգով 25-ից 35-օրյա ժամկետ է սահմանված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր լրանում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմումը հետ վերցնելու ժամկետըԻսկ ահա առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 պատգամավորի քվե է հարկավոր։ Առաջին փուլում իշխանական խմբակցությունը ընդդիմության կարիքն ունի, բայց նախագահի ընտրության երկրորդ ու երրորդ փուլեր կան, որտեղ իշխանական խմբակցությունը անհրաժեշտ ձայները միայնակ էլ կարող է ապահովել։
«Պատիվ ունեմ» խմբակցության կարծիքը չհաջողվեց ճշտել։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ դեռ չեն որոշել իրենք թեկնածուի կառաջադեն, ո՞ւմ, եթե չառաջադրեն, կընտրե՞ն իշխանական թեկնածունին, թե՞ ոչ։ Իսկ իշխանության թեկնածուն ընդդիմադիրների հետ հանդիպելու ցանկություն հայտնե՞լ է։ Վարդևանյանը նման տեղեկություն չուներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահի թեկնածուները պետք է համապատասխանեն վարչապետի նկարագրած չափանիշներին. իշխանական պատգամավորԻշխանությունը պատրաստվո՞ւմ է բանակցել ընդդիմադիրների հետ։ «Ազատության» այս հարցին այսօրվանից մինչև նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելը նախագահի լիազորությունները կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. - «Ես չեմ պատկերացնում, թե մենք ում հետ ենք բանակցելու։ Խորհրդարանական ընդդիմությունը միատարր չէ։ Օրինակ, երկրորդ խմբակցության մեջ կան երեք-չորս տարբեր ուղղություններ։ Չենք պատրաստվում որևիցե ձևով... իմ կարծիքով։ Չգիտեմ, կարող է խմբակցությունը... հիմա ես քիչ եմ առնչվում աշխատանքի բերումով։ Ես կարծում եմ, որ դրա կարիքը չկա»։
Ընդդիմությունը վերապահումներ ունի
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը կարծում է, որ իշխանության թեկնածուն չի բավարարում Սահմանադրությամբ նախագահին առաջադրվող պահանջներին. - «Եթե նախագահը լինում է հենց իշխանության թիմի անդամ, այդ գաղափարները, քաղաքականությունը կրողը, պաշտպանողը և տարածողը, այստեղ արդեն խնդիր կա՝ ինչպե՞ս ինքը կարող է լինել նախագահ։ Ստացվում է, որ կա'մ ինքը պետք է դավաճանի որոշ իմաստով իր քաղաքական թիմին, շեղվի իրենց քաղաքականությունից, որ կարողանա այդ համազգային և վերպետական ձևով գնահատի իրավիճակը, կա'մ պետք է նույն այդ կուրսը շարունակի, որի պայմաններում, կներեք, դա չի ստացվում համազգային, համաժողովրդական մոտեցում»։
«Մենք ում էլ ներկայացնեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր։ Մենք ընդդիմության թեկնածուներին տեսել ենք։ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել», - լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե իր կարծիքով, Խաչատրյանի կվարի՞ իշխող ուժի քաղաքականությանը ներդաշնակ քաղաքականություն, Սիմոնյանն արձագանքեց. - «Ես չգիտեմ։ Ես գիտեմ, որ մենք լավ ընտրություն ենք կատարել»։
Ի դեպ, 5-6 հոգու շարքում իշխող ՔՊ-ի վարչությունում նախագահի պաշտոնում նաև կնոջ թեկնածություն է քննարկվել։ Ալեն Սիմոնյանը անուն հրաժարվեց տալ, բայց հաստատեց, որ նաև իր թեկնածությունն է քննարկվել, բայց ինքն ինքնաբացարկ է հայտնել։
«Ազատության» հարցին, թե արդյոք չի ցանկացել մրցակցել Վահագն Խաչատրյանի հետ, Սիմոնյանը պատասխանեց. - «Հարցը մրցակցութայնը չի... Չի կարելի մի բառով կամ մի նախադասության ասել ինչի։ Ես համարում եմ, որ ես այստեղ իմ աշխատանքը բավականին լավ եմ կատարում։ Միգուցե նաև ես էն ճանապարհը չեմ անցել դեռ, որը պարոն Խաչատրյանն է անցել։ Շատ պատճառներ կան» Վերջ ի վերջո երկրին պետք է պատասխանատու ձևով մոտենալ, և էդ պատասխանատվության զգացողությունը շատ բարձր է։ Դա նույնպես դեր խաղաց իմ որոշման հետ կապված»։
Ի դեպ, այսօր լրագրողներին Ազգային ժողովի հերթական տարածքից դուրս հրավիրեցին՝ կրկին անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությամբ։ Դռնփակ հանդիպման նախամուտք, որտեղ մշտապես լրագրողները սպասել են փակ հանդիպումների ավարտին, եկավ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը, հայտարարեց, որ պետք է միջանցքում սպասել, ասաց՝ անվտանգության հետ կապված հարց կա, բայց այդպես էլ չպատճառաբանեց՝ լրագրողները երկու փակ դռան հետևում քննարկում անող պատգամավորների անվտանգությանը ինչո՞վ էին սպառնում։
Ի դեպ, նախագահի լիազորությունները այս պահին կատարող Ալեն Սիմոնյանը կաշխատի նախագահականում, բայց ահա Ազգային ժողովի նախագահինը կատարող Հակոբ Արշակյանը նրա աշխատասենյակ չի տեղափոխվի, Սիմոնյանը նախատեսում է երկուսում էլ օրն անցկացնել. - «Մի քիչ էդ օրենսդրական մասը կարգավորված չի, չգիտեմ հիմա այստեղ լինեմ, այնտեղ լինեմ... Երևի ինչ-որ օրվա մի մաս կանցկացնեմ այնտեղ, բայց հիմանականում կլինեմ այստեղ, որովհետև ես տեսնում եմ ինձ այստեղ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմեն Սարգսյանի հրաժարականը և պաշտոնավարման չորս տարիներըYour browser doesn’t support HTML5