Արմեն Սարգսյանի լիազորությունները Հայաստանի նախագահի պաշտոնում դադարեցին։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն ստորագրել է համապատասխան արձանագրությունը։
«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», - ասված է ԱԺ լրատվականի այսօր հրապարակած արձանագրությունում։
Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Ազգային ժողովի տարածած հայտարարության համաձայն՝ ՀՀ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարական տալու որոշման մասին հայտարարեց հունվարի 30-ին, հաջորդ օրն Ազգային ժողովն արդեն ստացել էր նրա հրաժարականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տալիսԱզգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի ընտրած կամ նշանակած պաշտոնատար անձինք՝ վարչապետից ու Վճռաբեկ դատարանի դատավորներից բացի, հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են խորհրդարանի նախագահին, որն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, այդ պաշտոնյան գրավոր դիմումով հետ է վերցնում իր առաջին դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է խորհրդարանի խոսնակը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հանրապետության նախագահի հրաժարականի ու ընտրության կարգը
Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:
Ամենայն հավանականությամբ, նոր նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։
Վահագն Խաչատրյանը՝ նախագահի «Քաղաքացիական պայմանագրի» հավանական թեկնածու
Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը երեկ ըստ էության հաստատեց, որ, որ իշխող ուժից նախագահի թեկնածուն դառնալու առաջարկ է ստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաչատրյանը չի հերքում, որ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ է ստացել62-ամյա Վահագն Խաչատրյանը մինչ նախարար նշանակվելը քաղաքական վերջին պաշտոնը զբաղեցրել էր 90-ականների ավարտին և ավելի քան 20 տարիների ընթացքում նա առավել հայտնի էր իր տնտեսագիտական վերլուծություններով։
Խորհրդային տարիներին Խաչատրյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հրազդանմեքենա» և «Մարս» գործարաններում։ Քաղաքական գործունեությունը սկսել է նորանկախ Հայաստանի կազմավորման շրջանում։ 1992-1996 թվականներին, երբ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյան էր, եղել է Երևանի քաղաքապետը, 1996-1999-ին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998-ին զբաղեցրել է նաև նախագահ Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
Խաչատրյանը Հայաստանի առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախկին անդամ է, 2008-12 թվականներին ակտիվորեն մասնակցել է կուսակցության կազմակերպած ցույցերին, 2013-ին մասնակցեց Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով ՀԱԿ-ի ցուցակը։ Կոնգրեսը չհաղթահարեց 5 տոկոս շեմը և մայրաքաղաքի ավագանու մաս չկազմեց։
Վերջին տարիներին՝ 2019- 2021 թվականներին Խաչատրյանը «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ է եղել: Բանկի ղեկավար կազմում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Սարիբեկ Սուքիասյանն է։