Մոսկվան «չի նահանջի» Վաշինգտոնի պատժամիջոցների սպառնալիքների պատճառով

ԱՄՆ - Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը, արխիվ

Վաշինգտոնում ՌԴ դեսպանությունը երեկ իր Facebook-ի էջում գրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում «նահանջել» Միացյալ Նահանգների պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։

Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը պնդում է, որ երկկողմ հարաբերություններում լարվածության ստեղծողը պաշտոնական Վաշինգտոնն է։

Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրությունը պատասխան է ԱՄՆ Պետդեպարտամենտի թվիթին, որտեղ նշված է, որ «Ռուսաստանը 2014 թվականին ներխուժել է Ուկրաինա և օկուպացրել Ղրիմը», ներկայումս էլ «ավելի քան 100 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին»:

Արևմտյան երկրներն անհանգստացած են Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժի մասին տեղեկություններից և մտահոգություն ունեն, որ Մոսկվան կարող է ներխուժել Ուկրաինա։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ներխուժման ծրագրեր չունի, սակայն զորքերն Ուկրաինայի սահմանից հետ չի քաշում։ Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ հայտարարել են Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ռուսաստանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։