Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարում «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ քայլերը»


«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը Գերմանիայի ծովային տարածքում, արխիվ
«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը Գերմանիայի ծովային տարածքում, արխիվ

Ռուսաստանի դեմ Եվրամիության հնարավոր պատժամիջոցների փաթեթում կարող են ներառվել նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ քայլեր։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը՝ առանց մանրամասներ նշելու։

Գերմանիայի իշխանությունները, կողմ լինելով Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներին, այդուհանդերձ, մինչև վերջերս չեն հստակեցրել՝ կտարածվե՞ն արդյոք պատժամիջոցները նաև Ռուսաստանի և Գերմանիայի մասնակցությամբ կառուցվող «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի համար կարևոր այդ գազամուղը կզրկվի կապույտ վառելիքից։ Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ խոսքը պատժամիջոցների՞, թե՞ Բեռլինի՝ այդ նախագծից հրաժարվելու մասին է։

Միացյալ Նահանգները դեմ է այդ գազատարի շահագործմանը, Ջո Բայդենի վարչակազմը, մինչդեռ, այս պահին դեմ է պատժամիջոցների սահմանմանը, որպեսզի չսրի հարաբերությունները Գերմանիայի հետ։

«Հյուսիսային հոսք 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան և մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG