Վրաստանի իշխող ուժի փաստացի առաջնորդ և երկրի ստվերային ղեկավարը համարվող Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մասնակցել երկրում առաջացած բևեռացումը հաղթահարելու նպատակով համազգային երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին նախագահ Զուրաբիշվիլին անցած դեկտեմբերին առաջարկել էր քննարկումներ սկսել տարբեր ճամբարներում հայտնված քաղաքացիներին հաշտեցնելու նպատակով։ Նախաձեռնության շրջանակում նա մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական գործիչների, դիվանագետների, հանրության ներկայացուցիչների հետ։
«Ես ցանկանում էի նրան բացատրել ազգային համաձայնության գործընթացը, առաջարկել եմ և ստացել հետևյալ պատասխանը՝ «ես այլևս քաղաքականության մեջ չեմ», - պատմել է Վրաստանի նախագահը՝ տեղեկացնելով, որ դա իշխող ուժի հիմնադրի հետ իր առաջին շփումն էր վերջին մեկուկես տարվա ընթացքում։
Մեծահարուստ Իվանիշվիլին քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել է 2020 թվականի աշնանը՝ հրաժարվելով նաև «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնից։