Այսօր արձանագրվել է վերջին մի քանի ամիսների ամենաբարձր վարակվածության թիվը։ Թեստավորված 8707 քաղաքացիներից քովիդ է հայտնաբերվել ավելի քան 40 տոկոսի մոտ։ Երեկվա դրությամբ նոր դեպքերի թիվը միանգամից աճել է գրեթե 1000-ով՝ անցնելով 3500-ից։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել, 267 մարդ առողջացել է։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի քովիդ բաժանմունքի ղեկավար Վարսեն Ներսիսյանն ասասց՝ այս պարագայում իրենք միջազգային փորձին են հետևում, չեն շտապում ասել, թե «օմիկրոնը» վիրուսի նահանջն է. «Եթե մահացության դեպքեր չեն գրանցվում, անկախ ամեն ինչից մենք միանշանակ չենք կարող ասել, որ այս ալիքը շատ ավելի թեթև է ընթանալու, իսկապես չգիտենք՝ ինչի հետ գործ ունենք, քանի որ երկու տարի առաջ, երբ սկսվեց կորոնան, ոչ ոք չգիտեր, որ գալու են տարբեր ալիքներ, տարբեր շտամների հետ ենք գործ ունենալու։ Եվ հիմա չգիտենք՝ «օմիկրոնից» հետո ևս ինչ-որ մեկ «անակնկալ» կունենանք համաշխարհային, թե ոչ»։
Այս պահին քովիդից բուժվող քաղաքացիների թիվն ավելի քան 16 հազար է։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում Վարսեն Ներսիսյանի ղեկավարած բաժանմունքի 30 մահճակալները գրեթե ամբողջությամբ զբաղված են։ Հոսպիտալացվածները հիմնականում 60-ից բարձր տարիքային խմբի քաղաքացիներն են, նախարարության հրապարակած վերջին վիճակագրության համաձայն՝ հենց այս տարիքային խումբն է ամենաքիչը պատվաստվել։ Պնդումները, թե ի տարբերություն «դելտա» շտամի՝ «օմիկրոնից» թոքաբորբ հազվադեպ է զարգանում, համաճարակաբան Վարսեն Ներսիսյանը միանշանակ չի ընդունում։
«Չպատվաստվածների թիվը շատ ավելի քիչ է, այնպես չի, որ կան մարդիկ, ովքեր թոքաբորբ չունեն, կան և՛ այնպես, և՛ այնպես», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քովիդի դեմ երրորդ դեղաչափը «կարող է կրճատել հոսպիտալացման ցուցանիշը»Համաճարակաբանը չպատվաստվածներին խորհուրդ է տալիս պատվաստվել, պատվաստվածներին էլ ասում է՝ մի հապաղեք, խթանիչ դոզան ընդունեք։ Թեև Հայաստանում մասսայական պատվաստումները սկսվել են դեռ անցած տարվանից, պատվաստանյութերի պակաս էլ չի եղել, այդուհանդերձ երկրի բնակչության ավելի քան 28 տոկոսն է դեռ պատվաստվել։ Չնայած սրան առողջապահւթյան նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության վերջին նիստում հայտարարել էր՝ պատվաստվողների թիվն ավելանում է, օգուտն էլ ակնհայտ է։
«Մենք տեսնում ենք, որ պատվաստված քաղաքացիները հիվանդությունը տանում են հիմնականում անսիմպտոմ, կամ սիմպտոմները թեթևակի են, ր դրանք հարբուխի նշաններ են, որը հենց մեր գլխավոր նպատակն է եղել՝ նվազեցնել ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի աճը և իհարկե, նաև մահացության դեպքերը նվազեցնել հնարավորինս», - ասել էր նա։
«ԱստրաԶենեկայից», «Մոդերնայից», «Սպուտնիկից, «Սինոֆարմից» բացի, նախարար Ավանեսյանի խոսքով, «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութը շուտով կլինի Հայաստանում, պայմանագիրն արտադրողի հետ կնքված է, մատակարարման ժամկետները՝ հայտնի։ Ոլորտի ղեկավարը հավելեց, որ Հայաստանը դեռ շարունակում է պատվաստանյութեր նվեր ստանալ։ Ի դեպ, պատվաստումների թվով Հայաստանը տարածաշրջանում դեռ չի բարելավել դիրքերը՝ հետնապահն է։