Վաշինգտոնը չգիտի, թե, ի վերջո, որն է Ուկրաինայի, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության առկա կառուցվածքը վերաշարադրելու պահանջների Կրեմլի վերջնանպատակը, բայց հստակ է մի բան՝ Ռուսաստանը կբախվի լրջագույն հետևանքների, եթե ընտրի ագրեսիայի ճանապարհը։ Այս մասին «Ազատ Եվրոպա/ Ազատություն ռադիոկայանին» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ես պնդում եմ, որ միակ մարդը, որը կարող է ասել, թե որն է Կրեմլի վերջնանպատակը, դա նախագահ Պուտինն է։ Ես չեմ կարծում, թե ուրիշ որևէ մեկը գիտի դա։ Կարող է նա էլ դեռ չգիտի, որովհետև նա, սովորաբար, հնարավորինս շատ տարբերակներ է ստեղծում, և դրանցով է պայմանավորում հետագա ընթացքը», - ասել է ԱՄՆ պետաքարտուղարը։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այս մասին խոսում է Ռուսաստանի ներկայացրած վերջնագրերին Միացյալ Նահանգների պատասխանն ուղարկելու հաջորդ օրը։
Մոսկվայի պահանջներն ուղեկցվել են Ուկրաինայի սահմաններին ավելի քան հարյուր հազար զինվորականների և զինտեխնիկայի կուտակումներով։
Արևմուտքից, մասնավորապես, Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքից Պուտինի վարչակազմը պահանջում է հրաժարվել բաց դռների քաղաքականությունից, բացառել նախկին խորհրդային հանրապետությունների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությունը ռազմական դաշինքին, ինչպես նաև հետ քաշել ՆԱՏՕ-ի զորքերը Արևելյան Եվրոպայի երկրներից։ Մոսկվայի թերևս միակ պահանջը, որի շուրջ Վաշինգտոնում և Բրյուսելում պատրաստ են շարունակել քննարկումները՝ Եվրոպայում միջուկային զենքի տեղակայման սահմանափակումներն են։
«Ես արդեն լսել եմ Ռուսաստանում տարբեր մարդկանց արձագանքները փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մենք և ՆԱՏՕ-ն ուղարկել ենք։ Սակայն, միակ պատասխանը, որը մեզ համար կարևոր է՝ նախագահ Պուտինի պատասխանն է», - հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ շարունակելով․ - «Եվ որքան մենք հասկանում ենք, փաստաթուղթն արդեն նրա սեղանին է, և մենք առաջիկա օրերին սպասում ենք նրա արձագանքին՝ Լավրովի շուրթերով կամ նրա գործընկերների։ Սա հիմա ամենակարևորն է»։
Բլինքենը մտադիր չէ բացահայտել նամակի բովանդակությունը
Բլինքենը, ինչպես և ավելի վաղ հայտարարել է, մտադիր չէ բացահայտել Ռուսաստանին ուղարկած նամակի բովանդակությունը։ Բայց ասում է, որ լսել և հաշվի են առել, թե՛ Ռուսաստանի մտահոգությունները, թե՛ դաշնակիցների մտավախությունները Եվրոպական տարածաշրջանին սպառնացող վտանգների վերաբերյալ։
«Եվ մենք առաջարկել ենք տարբերակներ, թե ինչպես կարող ենք միասին ամրապնդել կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը, եթե Ռուսաստանը դրանում շահագրգռված է», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
Մինչ այդ, ինչպես թվարկում է ամերիկացի բարձրաստիճան պատշոնյան, «Ռուսաստանը Ուկրաինայի սահմաններին տեղակայել կամ կարող է շատ արագ տեղակայել հսկայական քանակով զինվորականներ և սպառազինություն, որոնք կարող են լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ հյուսիսից, արևելքից և նույնիսկ արևմուտքից»։
Բլինքենի խոսքով՝ Մոսկվան նաև բազմաթիվ այլ մեխանիզմներ ունի՝ Ուկրաինայում փորձելու հասնել իր հայտարարած նպատակներին, այդ թվում՝ հիբրիդային մեթեդներով՝ կիբերհարձակումներ, հեղաշրջման հրահրում, խաբուսիկ գործողություններ, սադրանքներ իրականացնելու փորձ՝ արդարացնելու այն, ինչ ծրագրում է անել։
«Մենք չգիտենք, կգնա՞ արդյոք այդ թվարկած քայլերին։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, հիմնվել այն փատերի վրա, որոնք պատմականորեն տեսել ենք․ 2008 թվականին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, 2014-ին բռնազավթեց Ղրիմը և ներխուժեց Դոնբաս։ Այդ մարտահրավերները մինչ օրս էլ պահպանվում են։ Հիմա էլ կենտրոնացրել է շատ մեծ ուժեր Ուկրաինայի սահմաններին։ Սրանք փաստեր են, որոնք մենք պետք է հաշվի առնենք», - շեշտել է պետքարտուղար Բլինքենը և վերահաստատել՝ ինչ ճանապարհ էլ ընտրելու լինի Կրեմլը՝ դիվանագիտություն, թե նոր ագրեսիվ գործողություններ, Վաշինգտոնը երկու դեպքում էլ պատրաստ է։
«Այժմ հարցը կայանում է նրանում, թե ինչպիսի ճանապարհ կընտրի Վլադիմիր Պուտինը։ Կընտրի՞ արդյոք կառուցողական դիվանագիտական ճանապարհ դեպի հավաքական անվտանգության ուղղությամբ, թե՞ նա կընտրի Ուկրաինայի դեմ ռուսաստանյան նոր ագրեսիան։ Մենք երկուսին էլ պատրաստ ենք», - ասել է Բլինքենը։
«Ազատության» հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարը հերքել է ռուսաստանյան սպառնալիքների լրջության հարցում Վաշինգտոնի և Կիևի միջև տարակարծությունների շուրջ ենթադրությունները։ Ի տարբերություն Արևմուտքից հնչող ահազանգերի, Ուկրաինայի նախագահը իր վերջին երկու ելույթներում ուկրաինացիներին կոչ է արել խուճապի չմատնվել։
«Նախագահ Զելենսկին ճիշտ է, ոչ ոք չպետք է խուճապի մատնվի և ոչ ոք խուճապի չի մատնվում», - արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավաստիացնելով, որ Վաշինգտոնն անում է հնարավորը՝ Մոսկվային հասկացնելու, որ ունի երկու ճանապարհ՝ դիվանագիտություն և երկխոսություն՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար կամ ագրեսիայի ճանապարհը, որը եթե ընտրի, կբախվի լրջագույն հետևանքների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը կբախվի ահռելի հետևանքների, եթե Ուկրաինայի հարցում ընտրի ագրեսիայի ճանապարհը․ Բլինքեն