Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինայի ճգնաժամին նվիրված ՄԱԿ ԱԽ բաց նիստ հրավիրել


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Երեկ Միացյալ Նահանգները կոչ է արել հաջորդ շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ճգնաժամը, որն առաջացել է, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանի «սպառնալից պահվածքի» պատճառով:

Առաջիկա հանդիպումը հնարավորություն կլինի՝ «բացահայտելու» Մոսկվայի պահվածքը և «մեկուսացնելու» Ռուսաստանին համաշխարհային ասպարեզում, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

«Ավելի քան 100 հազար ռուս զինվորական է կենտրոնացված Ուկրաինայի հետ սահմանին, Ռուսաստանը ներգրավված է նաև Ուկրաինայի դեմ ուղղված ապակայունացնող այլ գործողություններում, որոնք ակնհայտ վտանգ են ներկայացնում միջազգային խաղաղության, անվտանգության և ՄԱԿ-ի Կանոնադրության համար», -հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից մեկն է, կարող է վետոյի իրավունքով արգելափակել խորհրդին ներկայացված ցանկացած բանաձև։ «Ու թեև նրանք ունեն վետոյի իրավունք, նրանց մեկուսացումը կզգացվի, եթե հարցը ներկայացվի Անվտանգության խորհրդին, և մենք հանդես գանք որպես միասնական ճակատ ռուսների դեմ», - վստահեցրել է ԱՄՆ ներկայացուցիչը Ռումինիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Պաշտոնական Մոսկվան հերքում է արևմտյան տերությունների և Կիևի պնդումները Ուկրաինայի դեմ նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ։


XS
SM
MD
LG