Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոշի անվտանգության երաշխիքների շուրջ Մոսկվայի առաջարկին Միացյալ Նահանգների պատասխանի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելու ժամանակը և ձևը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ չի բացառել, որ Պուտինը կգնահատի Վաշինգտոնի պատասխանը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ այսօր երեկոյան կայանալիք հեռախոսազրուցի ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ծանոթացել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխաններին․ Մոսկվայի պատասխանը չի ուշանաՄինչ Ռուսաստանի նախագահը մտածում է, թե ինչ որոշում կայացնի ի պատասխան Միացյալ Նահանգների՝ ռուսական պահանջները կատարելուց հրաժարվելու, Բելառուսի նախագահը, ՌԴ արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ պնդում են, որ Ռուսաստանը պատերազմ չի ուզում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց և թույլ չի տա անտեսել իր անվտանգային շահերըԱվելին՝ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ըստ էության, Պուտինի հետ հանդիպելու է հրավիրել․ - «Եթե Զելենսկին ցանկանում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թող գա Մոսկվա կամ Սոչի կամ Սանկտ Պետերբուրգ։ Մոսկվան պատրաստ է Զելենսկու հետ քննարկել ռուս - ուկրաինական հարաբերությունների կարգավորումը, բայց ոչ Դոնբասը. սա ներուկրաինական խնդիր է, և Զելենսկին պետք է խոսի դոնբասցիների հետ»։
Լավրովը հերթական անգամ այսօր հայտարարել է, թե Ռուսաստանը չի ցանկանում զինված հակամարտություններ, հավելելով, որ սրա հետ մեկտեղ՝ թույլ չի տա անտեսել սեփական շահերը։ Նա ասել է, որ Մոսկվան պատասխան միջոցներ կնախապատրաստի, եթե չպայմանավորվի արևմտյան երկրների հետ անվտանգության երաշխիքների շուրջ։ Թե ինչ պատասխանների մասին է խոսքը՝ այսօր էլ Լավրովը չի ասել, չնայած մի շարք ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրները նախարարի հետ հարցազրույցի ընթացքում շուրջ մեկուկես ժամ փորձում էին ստանալ այդ հարցի պատասխանը և նույնիսկ ուղիղ հարցնում էին՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՞՝ ոչ։ «Եթե պատերազմի լինել-չլինելը Ռուսաստանից է կախված, պատերազմ չի լինի։ Բայց չեմ բացառում, որ որոշ ուժեր ուզում են հրահրել պատերազմ, և Կիևի ռեժիմն այդ իրավիճակը չի վերահսկում», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մերժում են Ռուսաստանի պահանջը, բայցև պատրաստ են շարունակել երկխոսությունըԵրկու օր առաջ Մոսկվան ստացել է անվտանգության երաշխիքների շուրջ ռուսական պահանջներին ամերիկյան կողմի պատասխանը, հայտարարել է, որ այդ պատասխանը Մոսկվային չի բավարարում, և Մոսկվան հետ չի կանգնի իր պահանջներից։
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից գրավոր երաշխիքներ է պահանջել առ այն, որ Ուկրաինան և Վրաստանը երբեք չեն անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին, ավելին՝ պահանջել է, որ ՆԱՏՕ-ն դուրս բերի իր զորքերը և սպառազինությունը Ռումինիայի ու Բուլղարիայի տարածքներից։
«Պատասխանները չեն կարող բավարարել Ռուսաստանին, մեզ անհրաժեշտ են ոչ թե արդարացումներ, այլ անվտանգության անբաժանելիության վերաբերյալ հստակ պատասխաններ», - նշել է Սերգեյ Լավրովը։
Վերջնական պատասխան Մոսկվան կտա ավելի ուշ
Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվան արդեն երկու օր է կրկնում է, թե բանակցությունները շարունակվում են, ամերիկյան պատասխանում կան կառուցողական կետեր, և վերջնական պատասխան Մոսկվան կտա ավելի ուշ։ Երբ՝ հայտնի չէ։ Արտգործնախարարությունը շեշտում է, թե որոշումն այս հարցով ընդունելու է նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանցի պատգամավորները, լրագրողները և վերլուծաբաններն ասում են, թե հնարավոր պատասխանն այս փուլում կարող է լինել Դոնբասի անջատողականների հռչակած հանրապետությունների ճանաչումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդումայի կոմունիստները կոչ են անում ճանաչել Ուկրաինայի անջատական հանրապետությունների անկախությունըԼավրովն այսօր այս հարցն ուղղակիորեն կապեց Կիևի կողմից Մինսկի համաձայնագրերի կատարման հետ, ասելով, թե դրանց ճանաչման հարցը պետք է դիտարկել Մինսկի պայմանավորվածությունները Ուկրաինայի կողմից կատարելու՝ Մոսկվայի պահանջի տեսանկյունից։ Մինսկի պայմանավորվածությունների համաձայն, ռուսական կողմի պնդմամբ, Ուկրաինայի իշխանությունները պարտավորվել են հատուկ կարգավիճակ տալ Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին։
Մոսկվան անընդհատ պնդում է, թե Արևմուտքը ժամանակին երաշխիքներ է տվել, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք։ Այսօր Լավրովը, անդրադրառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ասել է, թե Խորհրդային Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները դա բանավոր են խոստացել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանին պետք չէ վախեցնել «դժոխային պատժամիջոցներով»․ ՄեդվեդևՌուսաստանի արտգործնախարարն այսօրվա հարցազրույցի ընթացքում շեշտել է նաև, որ եթե ամերիկյան կողմը դեռ շարունակվող բանակցությունների արդյունքում չփոխի իր դիրքորոշումը, Պուտինը ռազմական հարցերով պատասխանատուների հետ խորհրդակցություններից հետո որոշում կկայացնի՝ ինչ պատասխան տալ ամերիկացիներին և ՆԱՏՕ-ին։
Հնարավոր պատերազմի մասին այսօր հերթական անգամ խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսադր Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ պատերազմ կլինի միայն այն դեպքում, եթե Բելառուսի կամ Ռուսաստանի դեմ լինի ռազմական հարձակում։