Կառավարությունն ու փորձագետները դժգոհ են հանրակրթության որակից

«Հայաստանյան դպրոցական կրթությունը մի շարք չափանիշներով չի համապատասխանում ժամանակակից աշխարհի պահանջներին, աշակերտին չեն սովորեցնում մտածել ու վերլուծել», - 25 տարի ոլորտի խնդիրներն ուսումնասիրող Սերոբ Խաչատրյանի եզրահանգումն է։

«Հայաստանը որպես կանոն գիտելիքների առումով բավական լավ վիճակում է, բայց երբ որ ստուգվում են մեր երեխաների գիտելիք կիրառելու հմտությունները և մտածելու հմտությունները, այստեղ մենք իսկապես աշխարհում բավական վատ դիրքեր ունենք: Մեր հիմնական խնդիրն այն է, որ պետք է ոչ միայն երեխաներին գիտելիք տալ, այլ պետք է այնպես անել, որ ինքը այդ գիտելիքի հետ ինչ-որ բան անի, կիրառի», - նշեց Խաչատրյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության որակից դժգոհ են ոչ միայն փորձագետները, այլ նաև կառավարությունը։ Ոլորտը կարգավորող հիմնական փաստաթղթում՝ «Հանրակրթության մասին» օրենքում գործադիրը փոփոխությունների նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։

Երկրորդ ընթերցումից առաջ անցկացված խորհրդարանական լսումների ընթացքում օրերս ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել էր, որ առաջինը դպրոցական ծրագրերի բովանդակության հարցն է վերանայվելու։ Երկրի ամենաբարձր ամբիոնից ոլորտը համակարգող փոխնախարարը հղում արեց միջազգային հետազոտություններից մեկին ու ասաց՝ Հայաստանում ամեն երրորդ երեխա չի կարողանում կարդալ ու պարզ տեքստեր հասկանալ, չնայած գրաճանաչ է։

«Ֆունկցիոնալ անգրագիտություն է սրա անունը, երբ կարծես գիտես տառերն ու թվերը, բայց դա անօգուտ գիտելիք է, որովհետև անգիր գիտելիք է, կիրառության չտանող, մտածելու չդրդող, հմտություն և կարողություն չդարձող: Օրինակ՝ գիտես գումարել և բաժանել որպես թվաբանական գործողություն, բայց ամենապարզ մաթեմատիկական խնդիրը նկարագրող տեքստը չես հասկանում», - ասաց Անդրեասյանը:

Թեկնածուական ատենախոսությունը Մոսկվայի գիտությունների ակադեմիայում պաշտպանած 28-ամյա Հայկ Ասլանյանը դպրոցական կրթությունից դժգոհ չէ, թեև վստահ է՝ առանց հոր հետ լրացուցիչ պարապմունքների՝ ցանկալի արդյունքը դժվար թե ստանար։ Հայ-սլավոնական համալսարանի երիտասարդ դասախոսը մեր զրույցի պահին օդակայանում էր, ասաց՝ նոր փորձով ու մեթոդներով է վերադառնալու հայրենի բուհ։ Երիտասարդ գիտաշխատողը սեփական փորձից է համոզվել՝ դպրոցում ստացած գիտելիքը հաճախ դժվարացել է կիրառել բուհում, կյանքում, հենց դա պետք է սովորեն դպրոցներում:

«Հիմնական շեշտը պետք է դրվի, թե ինչպես է դա ռեալիզացվում, դասատուների, դասախոսների պատրաստվածության մակարդակը, թե տվյալ առարկայի մատուցման ձևը: Այսինքն՝ այն պահը, որ ամեն ինչ բացարձակ ճիշտ է, դա պետք է վերացվի, ամենից շատ պետք է քննարկումներ լինեն, քան ուղղակի գիտելիքի ստացում», - ընդգծեց Հայկ Ասլանյանը:

«Դպրոցում ստացած գիտելիքը բուհում ու կյանքում կիրառելի՞ են», - ֆեյսբուքյան մեր այս փոքրիկ հարցումը շուրջ հարյուր տարբեր պատասխաններ ստացավ։ Շատերն են գոհ դպրոցական իրենց գիտելիքից, ոմանք հենց դրանով էլ ընդունվել են բուհ, կային նաև այնպիսիք, որ դպրոցական տարիները համարում էին անիմաստ կորուստ։

Մարգարիտա Մարուքյանն իր բարձրագույն կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթերի համալսարանում ու ստացել կրթական առաջնորդության մագիստրոսի կոչում։ Այնտեղ է զգացել իր ու տեղացի ուսանողների՝ դպրոցից ստացած գիտելիքների տարբերությունը:

«Իրենք կարդալ պատմելու այդ մեխանիզմը վաղուց չունեն, իրենց ավելի հետաքրքիր է՝ երբ ես կարդացի այս տեքստը, ես ինչ եմ մտածում դրա մասին, այսինքն, ինչպես կվերլուծեմ դա, ինչ եզրակացություններ կանեմ դրանից, քան այն, որ ես դա կարդամ ու մեխանիկորեն պատմեմ», - նշեց նա:

Մարգարիտան հիմա աշխատում է նաև IT ոլորտում, կրկին համեմատեց՝ լավ մաթեմատիկայի իմացությունը բավարար չէ ծրագրավորող լինելու համար. «Եթե լսեք IT մասնագետներին, շատերը մեղադրում են, ասում են՝ «ինքը կոդ գրող է, բայց ինքը ծրագրավորող չի», որովհետև այդ հիմքը մաթեմատիկայի ալգորիթմների, քննադատորեն մտածելու, վերլուծելու, ինքը չունի, ինքը սովորել է մեխանիկական ինչ-որ հրամաններ, որով կարողանում է աշխատել»:

Փորձագետ Սերոբ Խաչատրյան

25 տարի կրթության ոլորտի խնդիրների ուսումնասիրող Սերոբ Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իր փորձը ցույց է տալիս, որ լավ հիմքերի վրա դրված երբեմնի կրթությունն աստիճանաբար արժեզրկվում է, ուսուցիչների ու աշակերտների միջև մեծ հեռավորություն է նկատում։ «Այն, ինչ խանգարում է երեխաներին, ուսուցիչների օգնությամբ պետք է աշխատանքային գործիք դառնա»,-ասում է փորձագետն ու ընդգծում՝ դրանք գաջեթներն են:

«Տեխնոլոգիաներն այդ հնարավորությունն ունեն՝ երեխային հարմար լեզվով իր հետ խոսելու, բայց որպեսզի մենք դա կարողանանք անել, դպրոցում պետք է ունենանք տեխնոլոգիաներ, նորմալ ինտերնետ և իհարկե վերապատրաստված ու այդ հմտություններին տիրապետող ուսուցիչներ, նաև որ ամենակարևորն է՝ հայալեզու բովանդակություն», - նշեց Խաչատրյանը:

Այն, որ նախարարությունն է խոսում խնդիրներից, փորձագետն առաջընթաց է համարում, բայց չի պատկերացնում, թե քանի օրենք պետք է փոփվի, որ լուծվեն տարիների կուտակված խնդիրները, որ մտածողություն փոխվի դպրոցում և նախադպրոցական կրթական հաստատություններում։

«Կրթությունը իմաստազրկվել, արժեզրկվել է, այ սա է մեր գլխավոր խնդիրը, և սա, իհարկե, օրենքով մենք դժվար թե փոխենք, ավելի պետք են մշակութային քայլեր», - ասաց Սերոբ Խաչատրյանը:

Կրթության փորձագետը, հղում անելով միջազգային տարբեր հետազոտությունների, ասում է՝ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրներում կրթության որակը չի կարող բարձր լինել։ Կառավարությանը դիմեց՝ լուծե՛ք անապահով ընտանիքների սոցիալական խնդիրները, որ ծնողները երեխաների ուսմամբ զբաղվելու սիրտ ունենան, որ երեխան դպրոցից դուրս չմնա։