«Միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել մեր բոլոր հարցերը, պրոբլեմները, բայց չկա որևէ հարց մեր օրակարգի, չկա որևէ մի պրոբլեմ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի: Եվ հետևաբար կրթական չափորոշիչի այս ընդունումը ես համարում եմ մեր ամենակարևորագույն ռեֆորմներից մեկը: Շատ կարևոր եմ համարում նաև, որ ունեցել ենք կամք՝ այս պայմաններում այս ռեֆորմը հասցնել մինչև այս կետը և շատ կարևոր եմ համարում, որ շարունակենք այդ ռեֆորմի իրագործումը»․ - նշեց վարչապետ Փաշինյանը:
Տարրական, հիմնական ու ավագ դպրոցների շրջանավարտներին կներկայացվեն որակական պահանջներ, կառավարության նիստին մեկնաբանում էր փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ նրա, առաջարկվող փոփոխություններով հավասարապես կարևորելու են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումն ու արժեքային բաղադրիչը, չեն կենտրոնանալու նշվածներից միայն մեկի վրա։ Փորձելու են թեթևացնել աշակերտների ծանաբեռնվածությունը՝ միևնույն ժամանակ չկրճատելով կրթական բովանդակությունը, ավելանալու է պետական դպրոցների ինքնուրույնությունը․ - «Այս մոտեցումը հնարավորություն է տալիս, նաև պետական դպրոցներին հատկապես, դրսևորել շատ ավելի ճկուն, ստեղծարար և նախաձեռնող քաղաքականություն։ Որովհետև դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի ուսումնական պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները։ Եվ դա դրսևորված է հանրակրթության պետական չափորոշչում յոթ ուսումնական բնագավառների առանձնացման, և դրանց շրջանակներում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով»։
3-րդ և 4-րդ դասարանցիներն էլ կունենան գարնանային և աշնանային արձակուրդներ, տարրական դպրոցում կվերացվեն միավորային գնահատականները, 7-րդ դասարանից կներդրվի նախագծային ուսուցման պարտադիր պահանջ, երբ երեխաները կիրականցնեն իրական ծրագրեր դպրոցի պատերից դուրս։ Օտար լեզուների դասավանդման շրջանակում հնարավորություն կլինի սովորել նաև տարածաշրջանային լեզուներ։
«Չափորոշիչը մինչև ներդրումը պետք է անցնի փորձարկում, և մենք նախատեսում ենք այս տարվա ընթացքում սկսել փորձարկումները 2021 թվականի սեպտեմբերից։ Պետք է իրականացվեն նաև լայնածավալ վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակման գործընթաց։ Որից հետո միայն 2023 թվականին նախատեսվում է, որ չափորոշիչը լրամշակումներից հետո կներդրվի դպրոցներում», - ասաց փոխնախարար Անդրեասյանը։
«Ավելի լավ է դու հարյուր բան մեկ տոկոսով բարելավես, քան մեկ բան հարյուր տոկոսով։ Այսինքն՝ եթե նույնիսկ ընդունենք, որ այս չափորոշիչը հարյուր տոկոսով բարելավում է դպրոցները, սա բավարար չէ։ Կարող եմ ավելի կոնկրետ բաներ նշել։ Չափորոշիչը ընդամենը փորձում է պատասխանել «ի՞նչ սովորեցնել» հարցին և որոշ չափով էլ՝ «ինչպե՞ս սովորեցնել»։ Իհարկե, դրանք կարևոր հարցեր են, բայց կրթությունը միայն դրանցով չէ», - ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ հավելելով, որ կարելի խոսել չափորոշիչներում տեղ գտած լավ, ինչպես նաև վիճելի գաղափարների մասին։
Բայց, նրա խոսքով, այս փաստաթղթի փորձաքննությունը լինելու է դրա իրականացումը։ Արդյո՞ք այս ամենը մնալու է թղթի վրա, թե՞ երկու տարի շարունակ չափորոշիչներ մշակելուց, ապա ևս երկու տարի փորձարկելուց հետո դպրոցներում իրական որակական փոփոխություններ են լինելու։
Չափորոշիչների մասին կառավարության քննարկման ժամանակ Խաչատրյանի ուշադրությունը գրավել է հատկապես Ֆինանսների նախարարի նկատառումը, որը հանրակրթության ոլորտի հետ կապ չունի։
«Շատ էական է նաև, թե մենք մյուս կողմից՝ որպես սպառող, որպես պահանջարկ ձևավորող ինչպիսի վերաբերմունք ունենք էս որակյալ առաջարկին։ Մյուս կողմը դա ծնողներն են, ովքեր պետք է իրենց ընկալումը համապատասխանեցնեն, իմ պատկերացմամբ, հենց էս որակի ստանդարտներին, որոնք առաջարկվում են էս չափորոշիչների փոփոխության նախագծով։ Սա նույնպես չափազանց կարևոր է, որովհետև միայն որակյալ առաջարկի առկայությունը բավարար չէ։ Ինքը անհրաժեշտ պայման է, հենց էստեղից էլ պետք է սկսվի, բայց որպեսզի տեղի ունենա այն, ինչ որ ակնկալվում է որոշակի ժամանակահատված հետո, կարևոր է ոչ թե թուղթը, ոչ թե դրված գնահատականը, սա նույնպես շատ լավ փոփոխություն է, այլ գիտելիքը, որը դրա հետևում ընկած է», - ասել է Ատոմ Ջանջուղազյանը։
«Կրթական բարեփոխումների ժամանակ, երբ որ դու ինչ-որ բան ես անում, միշտ մյուս կողմից ռեակցիա է լինում։ Կրթությունը դա ինչ-որ սեղան պատրաստելու պրոցես չի, որ ոնց ուզենք կտրենք, ոնց ուզենք կպցնենք․․․ շատ բան կախված է նրանից, թե ուսուցիչները, ծնողները, աշակերտները ինչ ռեակցիա կտան էդ քո փոփոխություններին», - նշեց Սերոբ Խաչատրյանը։
Նրա խոսքով, պետք է փոխվի նաև ծնողի ու ուսուցչի պահանջարկը։ Փորձագետի դիրտակումներով, ուսուցիչները արդեն հոգնել են բարփոխումների փաթեթներից, հատկապես երբ մինչ օրս չեն նկատել, թե հերթական բարեփումներից հետո փոխվում է նաև իրենց աշխատանքի արդյունքը, երեխաները ավելի պատրաստված ու գրագետ են դուրս գալիս դպրոցից։
Ըստ Խաչատրյանի, կրթական բարեփոխումների հարկավոր է հասնել ուսուցիչների ու ծնողների հետ երկխոսության արդյունքում։