«Իշխանությունը իր թեկնածուին է տեսնում Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում», - խորհրդարանական բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը, եթե 7-օրյա ժամկետում դիմումը հետ չվերցվի, կլինի այն մարդը, ում կընտրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար ֆորմատը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը», - ասաց Պապոյանը։
Մամուլում արդեն հնարավոր թեկնածուների անուններ են շրջանառվում՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի, գործող արտգործնախարար, «Քաղաքացիական պայմանագրից» Արարատ Միրզոյանի անունները։
Իշխող խմբակցության պատգամավորներն այսօր պնդում էին, որ քանի դեռ հրաժարական տված նախագահը 7-օրյա ժամկետում կարող է հետ վերցնել դիմումը, թեկնածուների հարց քննարկելը սխալ են համարում։ Այնուհանդերձ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է քննարկել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի նոր նախագահը, որը, ըստ նրա, պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և խորհրդարանական մեծամասնության հետ։ Որպես ասածի հիմնավորում բերում էր իր հրաժարականը պահանջած Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը։ Ինքն առաջարկում էր նրան աշխատանքից ազատել, նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրում հրամանագիրը. - «Մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ։ Եվ իհարկե, մեր պետական և ազգային անվտանգության առումով կարևոր է, որ մենք այսպիսի իրավիճակների չառերեսվենք այլևս։ Այդ քաղաքական ներդաշնակության հարցը շատ կարևոր է լուծել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության և ԱԺ մեծամասնության հետ․ վարչապետԹեկնածուի հարց քննարկելուն ՔՊ-ին առայժմ միայն ժամկետներն են կաշկանդում, իսկ որ նա պետք է վարչապետի նկարագրածին համապատասխանի, չեն էլ թաքցնում։ «Հնգօրյա ժամկետում, երբ որ արդեն կսկսվի թեկնածուների առաջադրումը, այդ ժամանակ կսկսենք թեկնածուներ քննարկել, որոնք կլինեն վարչապետի նկարագրած չափանիշներին համապատասխան», - ասաց Վահագն Հովակիմյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վտանգավոր համարեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը. - «Նիկոլ Փաշինյանը որպես Հանրապետության նախագահ ուզում է տեսնել մեկին, ով ընդհանրապես որևէ առարկություն չհնչեցնի որևէ հարցի հետ կապված։ Այսինքն՝ մարդ, որ ոչ մի խոչընդոտ չի ստեղծի հերթական նոր խնդիրների համար, բացարձակ լուռ կլինի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված»։
«Այն չափանիշները, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր սրտի թեկնածու նախագահի մասով, բնականաբար, մենք չենք կարող կողմ լինել այդպիսի մոտեցմանը», - հավելեց նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանն ասաց, որ իրենք միանշանական ներկայացնելու են թեկնածու, չբացառեց, որ այդ անձը կարող է իրենց դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը լինել։
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում դեռ որոշում չունեն՝ առաջադրելու են թեկնածու, թե ոչ։ Տիգրան Աբրահամյանը բացառեց իշխանության թեկնածուին աջակցելը. - «Խմբակցությունը ներկայացնող ուժերը պետք է առաջին հերթին քննարկի իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու. առաջինը, նպատակահարմարությունը թեկնածու առաջադրելու, և բնականաբար, իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց որոշումը դրսևորելու վերաբերյալ»։
Թեկնածու առաջադրելու համար բավարար ձայներ թե' իշխանությունը, թե' նաև ընդդիմությունն ունեն, բայց եթե նրանք չգան համաձայնության թեկնածուի հարցում, նախագահ առաջին փուլով չի կարող ընտրվել՝ գոնե 81 ձայն է պետք։ 2-րդ փուլում 65 ձայնն էլ բավարար կլինի, ինչը 71 հոգանոց իշխանական խմբակցությունը միայնակ էլ կարող է ապահովել։