Երեկ երեկոյան արևմտյան առաջնորդները հերթական հանդիպումն են անցկացրել ուկրաինական ճգնաժամի շուրջ՝ Ռուսաստանի հետ չմարող լարվածության ֆոնին:
Այս անգամ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հեռավար զրույց է ունեցել Եվրոպայի առաջնորդների, այդ թվում՝ մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Երոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ:
«Շատ լավ հանդիպում էր, լիակատար միասնություն», - եվրոպացի առաջնորդների հետ բանակցություններից հետ հայտարարել է ԱՄՆ նախագահը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ևս դրական է գնահատել քննարկումն ու կրկին Ռուսաստանին նախազգուշացրել, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան թանկ կարժենա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է միջազգային միասնության կարևորությունը Ռուսաստանի աճող թշնամանքի պայմաններում, իսկ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կրեմլին կոչ է արել տեսանելի քայլեր ձեռնարկել հակամարտությունը թուլացնելու համար:
Քննարկումներին զուգահեռ Արևմուտքը ամրապնդում է ռազմական ներուժը. երեկ հաղորդվեց, որ ավելի քան 8000 ամերիկացի զինծառայողներ բերվել են պատրաստության բարձր մակարդակի, որպեսզի անհրաժեշտության դեպքում տեղակայվեն Արևելյան Եվրոպայում: ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը պարզաբանել է, որ նման որոշում դեռ չի կայացվել, սակայն զինվորականները կարող են ուղարկվել հինգ օրվա ընթացքում:
«Ուզում եմ կրկին ընդգծել՝ մինչև այժմ որոշում է կայացվել միայն ուժերը բարձր պատրաստության վիճակի բերելու մասին, ամերիկյան ուժերի տեղակայման վերաբերյալ որոշում դեռ չկա», - նշել է նա:
Պենտագոնի խոսնակը միևնույն ժամանակ ընդգծել է, որ սա հստակ ազդանշան է Պուտինին, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերում ՆԱՏՕ-ի շրջանակում ստանձնած պարտավորություններին: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունն իր հերթին երեկ հայտարարեց, որ պատրաստվում է լրացուցիչ նավեր ու կործանիչներ ուղարկել Արևելյան Եվրոպա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն լրացուցիչ ռազմանավեր, կործանիչներ է ուղարկում Արևելյան ԵվրոպաՄոսկվայում վերջին օրերին ստեղծված իրավիճակի շուրջ կոշտ հայտարարություններ չեն անում, ընդգծելով, թե սպասում են ամերիկյան կողմի գրավոր պատասխանին։ Մինչդեռ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը երեկ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ-ը քննարկվող անվտանգության երաշխիքների հարցում պատրաստ չէ զիջումների գնալ, և կողմերի ձեռնարկած բոլոր քայլերը պետք է փոխադարձ լինեն։
«Առանցքայինն այն է, որ մեր ձեռնարկած ցանկացած քայլ զիջում չի լինի։ Դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձության վրա, ինչը նշանակում է, որ ռուսները նույնպես պետք է անեն մի բան, որը կօգնի բարելավել մեր անվտանգությունը», - նշել է Փրայսը։
Թե ինչ պետք է անեն ռուսները, Վաշինգտոնը, սակայն, չի հստակեցնում:
Մակրոնը վստահ է՝ միշտ կա լարվածության թուլացման հնարավորություն
Միևնույն ժամանակ Արևմուտքը պարբերաբար հայտարարում է, թե ճգնաժամը կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Ֆրանսիան, մասնավորապես, հայտարարել է վաղը Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև կայանալիք բանակցությունների մասին: Ելիսեյան պալատում հայտնել են, թե Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վստահ է՝ միշտ կա դիվանագիտության և լարվածության թուլացման հնարավորություն:
Կրեմլն էլ հաղորդեց, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները առաջիկա օրերին հեռախոսով կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մինչև շաբաթավերջ տեղի կունենա զրույցը, հիմա այն նախապատրաստվում է», - ասել է Պուտինի խոսնակ դմիտրի Պեսկովը:
Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է նախատեսում նաև Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ: AFP գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, թե Մակրոնը մտադիր է լարվածությունը թուլացնելու քայլեր առաջարկել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, չի հաղորդվում։
Զելենսկին հայրենակիցներին հորդորում է խուճապի չմատնվել
Մինչ այդ Ուկրաինայի առաջնորդը հորդորել է հայրենակիցներին խուճապի չմատնվել, ընդգծելով, որ ամեն ինչ գտնվում է Կիևի վերահսկողության ներքո:
«Ամեն ինչ գիտենք, ամեն ինչի պատրաստ ենք, հավատում ենք, որ ամեն ինչ լավ կլինի, և ամեն ինչ անում ենք դրա համար` մեր դաշնակիցների, մեր դիվանագետների ու զինվորականների հետ: Նրանք ամենալավն են, նրանք մեզ են պաշտպանում, մենք էլ նրանց պետք է պաշտպանենք` հանգիստ լինենք և աջ ու ձախ չգոռանք, թե ամեն ինչ այլևս կորսված է», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նկատմամբ ռուսական նոր ագրեսիայի հնարավորության մասին արևմտյան երկրներն ու մամուլը հաղորդում են անցած նոյեմբերից, հետախուզական ծառայություններն ու լրագրողները տվյալներ են ներկայացնում Ուկրաինայի հետ սահմանին կուտակված հազարավոր ռուս զինվորների մասին:
Մոսկվան կտրականապես ժխտում է այդ մեղադրանքներն ու իր հերթին երաշխիքներ պահանջում Արևմուտքից, որ ՆԱՏՕ-ն չի տարածվելու նախկին Խորհրդային Միության տարածքում:
Ամիսներ շարունակվող դիվանագիտական լարվածության ֆոնին «Ազատության» "Настоящее время" ծրագիրը երեկ Մոսկվայի բնակիչներից հետաքրքրվել է` եթե, այդուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունները պատերազմ հայտարարեն, նրանք կգնա՞ն ուկրաինացիների դեմ կռվելու, ռուսաստանցիների մեծ մասը բացասական է արձագանքել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի Ռադան դիմել է աշխարհին՝ նպաստելու լարվածության կարգավորմանը