Կալանավորված նախկին ռազմագերին կարող է հաշմանդամ մնալ, եթե խափանման միջոցը չփոխվի. Փաստաբան

Ադրբեջանական գերությունից վերադարձած ու կալանավորված զինվորը կարող է ամբողջ կյանքում հաշմանդամ մնալ, եթե նրա խափանման միջոցը չփոխվի, հայտարարում է 30-ամյա Արեն Արամյանի փաստաբան Արա Կարապետյանը։

Ենթասպա Արամյանը, որ գերեվարվել էր նոյեմբերի 16-ի հայ-ադրբեջանական սահմանային արյունալի մարտերի ընթացքում, Հայաստան վերադարձվեց գերեվարվելուց տասն օր անց։ Հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո զինվորականը կալանավորվել է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեղադրանքով։

Փաստաբանի պնդմամբ՝ Արամյանը նախքան գերի ընկնելը թեժ մարտեր է վարել և վիրավորվել է հենց այդ ժամանակ. «Առավել քան վստահ եմ, որ դատաքննության փուլում Արեն Արամյանը արդարացվելու է: Արեն Արամյանը հանցավոր արարք չի կատարել, դեռ ընդհակառակը՝ Արեն Արամյանը մարտի է բռնվել: Այլ մանրամասներ հասկանալի պատճառներով չեմ ներկայացնում, ինձ թվում է՝ դատաքննությունը բաց կլինի ու բոլորին էլ տեսանելի կլինի, որ Արեն Արամյանը իրեն մեղսագրվող արարքում անմեղ է», - նշեց պաշտպանը:

Ադրբեջանական գերության մեջ պահվելու տասն օրերի ընթացքում, փաստաբանի փոխանցմամբ, Արամյանը ստացել է բժշկական օգնություն։ Հայաստանում մոտ 1.5-ամյսա կալանքի ընթացքում, չնայած բժիշկների ցուցումներին, չի ստացել անհրաժեշտ վերականգնողական բուժումը, իսկ ռենտգեն հետազոտության ենթարկվել է միայն այսօր։

«Ծնկի շրջանում ունի բազմաբեկոր կոտրվածքներ, որոնք նաև վնասել են հոդերը, հավաքվել է արյուն, այնքան, որ ինձ թվում է, բավական է՝ եզրակացություն կազմելու համար», - նշեց Արա Կարապետյանը՝ շարունակելով, - «ձերբակալելուց հետո հետազոտություն իրականացվել է դեկտեմբերի վերջին Էրեբունի բժշկական կենտրոնում, երբ որ պաշտպանական կողմը դիմել էր քրեակատարողական բժշկության ծառայության, ըստ բժիշկների եզրակացության, Արեն Արամյանը պետք է շտապ ենթարկվի վերականգնողական բուժման: Բացի դա, դեկտեմբերի 12-ին Մուրացանի հոսպիտալի մի խումբ բժիշկներ տվել են եզրակացություն, որ ֆիքսատորով պետք է մեկ ամիս մնա անշարժ, որից հետո՝ կրկին վերականգնողական բուժում: Ոչ մի գործողություն չի կատարվել, այս պահի դրությամբ էլ չի կատարվում բժշկական միջամտություն, միայն հետազոտություններ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նախկին ռազմագերու փաստաբանն ահազանգում է նրա առողջական խնդիրների մասին, որ կալանավայրում հնարավոր չէ բուժել

Հարցին՝ կալանքի տակ մնալը նրա առողջության համար ի՞նչ ռիսկեր է իր մեջ ենթադրում, պաշտպանը պատասխանեց. «Կարող է ունենանք անդառնալի հետևանքներ, և Արեն Արամյանը մինչև կյանքի վերջ մնա հաշմանդամ»:

Կալանքի տակ պահելու հիմնավորումը, ըստ իրավապահների, այլ անձանց վրա հնարավոր ազդեցությունն է։ Փաստաբանը սա անիմաստ է համարում՝ ընդգծելով՝ իր պաշտպանյալի հետ գերեվարվածների մի մասը վերադարձել է հայրենիք, հարցաքննվել ու առերեսվել է, իսկ մյուսները դեռ ադրբեջանական բանտերում են։ Կալանքից ազատելու փաստաբանի միջնորդության քննությունը այսօր հետաձգվել է:

Հենց նոյեմբերյան մարտերից հետո, երբ 32 զինվորական էր գերեվարվել, ԱԺ նախագահ Ալեն Սիմոյանը հայտարարել էր՝«գիտե՞ք ովքեր են էդ մարդիկ... զենքը դրել են ու փախել»։ Ավելի վաղ էլ վարչապետ Փաշինյանն էր ԱԺ ամբիոնի մոտ խոսել այդ օրը գերեվարված զինծառայողների մասին ու ասել, թե դեռ պետք է քննությունը պարզի նրանց գերեվարման հանգամանքները։ Փաստաբանը դժվարանում է այս փուլում գնահատել, թե այս հայտարարությունները ազդեցություն ունեցել են դատարանի վրա, թե՝ ոչ. «Ճնշում որպես այդպիսին ես որ ասեմ տեսնում եմ, վստահ չեմ դրանում»:

Իշխանասարի նոյեմբերյան մարտերի ժամանակ գերեվարված, ապա հայրենադարձված զինվորականներից 8-ն է մեղադրյալ։ 32 զինվորականներից վեցը դեռ գերության մեջ է։