Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներն այսօր Ժնևում ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ հերթական բանակցություններ են անցկացնում։
Միևնույն ժամանակ ռուսական կողմը զինվորականներ ու տեխնիկա է ուղարկում Բելառուս Ուկրաինայի հետ սահմանին համատեղ զորավարժությունների համար: Ռուսաստանի քաղաքական էլիտան էլ հայտարարում է Դոնբասի անջատողականների հռչակած Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության մասին, իսկ Արևմուտքն էլ սպառնում է, որ Ուկրաինայի դեմ ցանկացած ագրեսիայի համար Ռուսաստանը շատ թանկ է վճարելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բլինքենը բեկում չի ակնկալում Լավրովի հետ այսօր Ժնևում կայանալիք հանդիպումիցԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի պարզաբանել է իր դիրքորոշումը Ուկրաինա ռուսական պոտենցիալ ներխուժման վերաբերյալ՝ շտկելով նախորդ օրվա մամուլի ասուլիսից լրագրողների մոտ մնացած տպավորությունն առ այն, թե Ռուսաստանի կողմից «փոքր ներխուժմանը» Վաշինգտոնը պակաս կոշտ պատասխան կտա, քան լայնամասշտաբ ներխուժման դեպքում։
«Ես բացարձակապես պարզ եմ եղել նախագահ Պուտինի հետ: Եթե որևէ ռուսական ստորաբաժանում հատի Ուկրաինայի սահմանը, դա ներխուժում է և կարժանանա կոշտ և համակարգված տնտեսական պատասխանի, որոնք մենք մանրամասնորեն քննարկել ենք մեր դաշնակիցների հետ, ինչպես նաև շատ հստակ շարադրել ենք նախագահ Պուտինին», - նշել է Բայդենը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն Լիզ Թրուսը ելույթ ունենալով Ավստրալիայում՝ հորդորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մեծ ռազմավարական սխալ» չգործել և հրաժարվել ագրեսիայի ծրագրերից։ Ուկրաինային ուղղված ռուսական սպառնալիքների, ինչպես նաև Ղրիմի բռնակցման և Դոնբասի հակամարտության կոնտեքստում Թրուսը հիշատակել է է 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը, որով Ռուսաստանը պարտավորվել էր պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Կոմմունիստական կուսակցությունը ներկայացրել է անջատողականների հանրապետությունները ճանաչելու կոչով Պետդումայի հայտարարության նախագիծ
Միևնույն ժամանակ Ռուսաստանի քաղաքական էլիտան քննարկում է, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտությունը, ավելին՝ երկու օր առաջ Կոմմունիստական կուսակցությունը Պետդումա է ներկայացրել անջատողականների հանրապետությունները ճանաչելու կոչով երկրի նախագահին ուղղված Պետդումայի հայտարարության նախագիծ։
Պետդումայի խոսնակ, Պուտինի առանցքային թիմակից Վյաչեսլավ Վոլոդինն այսօր հայտարարել է, թե ճիշտ կլինի հաջորդ շաբաթ խորհրդակցություններ անցկացնել խմբակցությունների ղեկավարների հետ և քննարկել այս նախաձեռնությունը։ Այնուհետև արդյունքների հիման վրա հարցը քննարկել Պետդումայի խորհրդում։
«Մենք տեսնում ենք, որ նախագահ Զելենսկին անտեսում է Մինսկի պայմանավորվածությունները. ՆԱՏՕ-ն ցանկանում է օկուպացնել Ուկրաինան: Ե՛վ մեկը, և՛ մյուսը կարող են վերածվել ողբերգության։ Սա չպետք է թույլ տանք։ Ակնհայտ է մի բան՝ լուծումներ պետք է փնտրել Դոնցեցկի և Լուգանցկի ժողովրդական հանրապետությունների մեր քաղաքացիների և հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար», - նշել է Վոլոդինը։
Պաշտոնական Մոսկվան դեռ զուսպ է Դոնբասի անջատողականներին ճանաչելու հարցում, համենայնդեպս Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր հայտարարել է, թե նախաձեռնության հեղինակները չպետք է փորձեն քաղաքական միավորներ վաստակել զգայուն թեմայով։ Կրեմլի խոսնակը նշել է, թե կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են լարվածության աճ հրահրել Ուկրաինայի հետ կապված իրավիճակում։
Վերլուծաբանները մինչդեռ գրում են, թե Դոնբասի անջատողականներին ճանաչելու հնարավոր սցենար է, որով Կրեմլը սպառնում է ամերիկյան կողմին՝ ավելի լուրջ զիջումներ է ստանալու համար։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի կեսերին Մոսկվան հայտարարել էր, թե երաշխիքներ է ուզում առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք՝ նախկին խորհրդային հանրապետությունների հաշվին։
Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, թե առաջիկա տարիներին Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, բայց ոչ ռուսների պահանջով, այլ որովհետև դեռ չի կատարել անհրաժեշտ պայմանները, բաց այդ Բայդենը նաև ասել էր, թե կարող է քննարկել Ռուսաստանի նախագահի հետ առաջիկա տարիներին Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ ռազմավարական կառույցներ չտեղակայելու հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վաշինգտոնը Մոսկվային ազդակ է ուղարկել՝ եթե որոշի ներխուժել Ուկրաինա, կբախվի կոշտ պատասխանի. ԲլինքենՌուս փորձագետները սրանում Վաշինգտոնի կողմից զիջման պատրաստակամություն են տեսնում, պաշտոնական Մոսկվային, սակայն, ավելի է ուզում։ Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, ընդգծում է, թե Մոսկվան պահանջում է, որ ՆԱՏՕ-ն հանի իր ուժերը և տեխնիկան Ռումինիայի և Բուլղարիայի տարածքից, քանի որ այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ չէին 1997 թվականին։ Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը հրապարակված է ՌԴ Արտգործնախարարության կայքում։