Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բեկում չի ակնկալում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր Ժնևում կայանալիք բանակցություններից, սակայն հույս ունի լսել, թե ինչի է հասել Մոսկվան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ վերջին խորհրդակցություններից հետո: Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ասել է երեկ գերմանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում։
Հիշեցնելով, որ հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը խորհրդակցություններ են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ, հունվարի 12-ին Բրյուսելում կայացել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, հունվարի 13-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, Բլինքենը շարունակել է․ - «Մենք բոլորս հնարավորություն ունեցանք մտածելու մեզնից յուրաքանչյուրի լսածի մասին, կարծում եմ՝ ռուսական պատվիրակությունը հնարավորություն ունեցավ խորհրդակցելու [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ»։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը Ժնևում այսօր կայանալիք հանդիպումից ակնկալում է «հասկանալ, թե իսկապե՞ս հնարավոր է շարունակել գնալ դիվանագիտական ճանապարհով այս ճգնաժամը կարգավորելու համար»․ - «Դա է հարցը: Եվ ես կարծում եմ, որ վաղը մենք ավելին կիմանանք: Համենայն դեպս, հուսով եմ, որ վաղը մենք ավելին կիմանանք այն մասին, թե Ռուսաստանն իսկապե՞ս պատրաստ է երկխոսության միջոցով, դիվանագիտական ճանապարհով լուծել այդ տարաձայնությունները, թե՞՝ ոչ: Երկու դեպքում էլ մենք պատրաստ ենք և միասնական ենք»։
ԱՄՆ և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը Ժնևում կսկսվի կեսօրին մոտ: Բանակցությունների արդյունքներով Լավրովն ու Բլինքենը նախատեսում են առանձին մամուլի ասուլիսներ։