Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը խոստանում է՝ սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվի։ «Գազպրոմ Արմենիան» ապրիլի 1-ից թանկացման՝ բոլոր սպառողների համար մեկ խորանարդ մետրը 135.6 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել։ Սովորական սպառողներն այժմ 139 դրամ են վճարում, անապահովները՝ 100։ Այսինքն՝ վերջինների համար ռուսական ընկերությունն ավելի քան 30 տոկոսով ուզում է բարձրացնել մատակարարվող վառելիքի մեկ խորանարդ մետրի գինը։
Ըստ փոխվարչապետի՝ այս տարվա համար գազի գինը սահմանին մնում է նույնը, բայց որակյալ՝ բարձր ջերմատվությամբ վառելիքի համար «Գազպրոմը» ավելի բարձր գին է ուզում։
«Դոգմատիկ չէ, որ այդ հայտն ընդունվելու է կամ ընդունվելու է այն ձևով, որով որ ներկայացվել է։ Ես ավելի շատ հակված եմ վստահ լինել, որ անապահով խավի համար սակագինը գազի չի փոխվելու», - ասաց Գրիգորյանը։
Թանկացման դեպքում ի՞նչ է պատրաստվում անել կառավարությունը՝ արդյոք փոխհատուցում տրամադրել անապահովներին, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետը չմանրամասնեց։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ տեղեկացրեց՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացրած գազի սակագնի վերանայման հայտն ընդունել են ուսումնասիրության, որոշում կայացնելու համար 80 օր ունեն։
«Անսպասելի ասելով նկատի ունեմ մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա», - հայտարարեց Գրիգորյանը։
Ընդամենը 4 ամիս առաջ՝ անցած սեպտեմբերին, նույն Մհեր Գրիգորյանը հույս էր հայտնում, որ առաջիկայում սակագնի հարցում անակնկալներ չեն լինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխվարչապետ Գրիգորյանը հույս ունի, որ առաջիկայում գազի սակագնի հարցում անակնկալներ չեն լինի«Խոստումները, որ գազի սակագինը բնակիչների համար պետք է նվազի, և դրա շուրջ բանակցությունները ապարդյուն եղան, խոստումներն էլ չկատարվեցին։ Փաստն էն է, որ գազի սակագինը բարձրանալու է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ուզում եմ չհամաձայնվել այն պնդման հետ, որ բանակցություններն անցել են ապարդյուն, որովհետև նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել՝ ինչքան է գինը սահմանին պահպանվում Հայաստանի համար և ինչ գին ունի գազն այսօր աշխարհում՝ թե՛ բորսայական, թե՛ եվրոպական առանձին երկրների համար և այլն», - արձագանքեց փոխվարչապետը։
Կլինի նոր գնաճ, մարդիկ ավելի կաղքատանան՝ կանխատեսեց կոմունալ ծախսերի ավելացման հարցը բարձրացրած ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ռուսական ընկերությունը ուզում է գազը թանկացնել նաև ամսական 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար։ Այս դեպքում փոխվարչապետը խոստում չտվեց, թե թանկացում չի լինի.
«25 տոկոս էդ նույն հայտում բարձրանալու է վերամշակող արդյունաբերության, ջերմոցային տնտեսություններին տրվող գազամատակարարման սակագինը, ԱԳԼՃԿ-ներին և այլն։ Այսինքն՝ սրանք նոր գնաճային գործոններ են, որոնք որ հաշվի առնված չեն պետական բյուջեում կանխատեսված գնաճի ցուցանիշի մեջ։ Կոնկրետ կառավարությունն ի՞նչ է նախատեսում, որպեսզի մեղմի, որովհետև մարդիկ այս գնաճի ֆոնին առանց այդ էլ աղքատանում են, աղքատության մակարդակն էլ մեր երկրում բարձրանում է նաև գնաճի հաշվին», - ասաց Թադևոս Ավետիսյանը։
«Եթե դուք գազի գինը կապում եք ապրանքների գնի աճի հետ, ես հասկանում եմ, բայց ամբողջ աշխարհում է դա տեղի ունենում և անհամեմատ ավելի բարձր և ավելի շատ կթանկանան գները էն երկրներում, որտեղ գազի գինը 4 անգամ գրեթե բարձր է։ Բազմաբաղադրիչ խնիդրը բերել կապել կալորիականության հաշվարկի հետ, ես կարծում եմ, որ էդ հարցը պատասխան չի ունենա», - նշեց Գրիգորյանը։
Վերջին անգամ ռուսական ընկերությունը գազի գինը բարձրացրել է 2019 թվականին՝ սահմանին 1000 խորանարդ մետրը դարձնելով 165 դոլար։ 2020-ին Հայաստանը գազի սակագինը նվազեցնելու հարց էր բարձրացնում՝ կորոնավիրուսի պատճառով էներգետիկ շուկայում գների անկումը պատճառաբանելով, սակայն Երևանն ու Մոսկվան այդպես էլ համաձայնության չհասան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԾԿՀ-ն չի բացառում, որ առաջիկա տասնամյակում գազի գինը որոշվի կալորիականությամբ