Հայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև, ինչպես նաև կբացվի հայ-թուրքական սահմանը, վաղը Մոսկվայում Երևանի ու Անկարայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը ընդառաջ պետական «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։
Վահան Հունանյանը նշել է, որ Հայաստանը մշտապես հայտարարել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին: Խոսնակը նկատել է՝ այս առումով Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև Հայաստանի կառավարության ծրագրում: Հայկական կողմի տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանների երկխոսություն սկսելու մոտեցումը։
Խոսելով Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ վաղվա հանդիպման օրակարգի մասին՝ Հունանյանը միայն նշել է, որ այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ. «Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը»։
Էրդողանը կրկին խոսում է Հայաստանի` Ադրբեջանի հետ դրական հարաբերություններ հաստատելու հարցի մասին
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի մասին այսօր խոսել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը օրակարգային մի շարք հարցերի թվում անդրադարձել է նաև իրավիճակին տարածաշրջանում:
«Ադրբեջանի կողմից հողերի ազատագրմամբ Կովկասում նոր փուլ ենք մտել: Հայաստանի հետ կարգավորման գործընթաց ենք սկսել: Որպեսզի ձեռնարկվող քայլերը արդյունք տան, Հայաստանը պետք է օգտագործի տարածաշրջանային խաղաղության հնարավորությունը, և այս առումով կարևոր է, որ Հայաստանը դրական հարաբերություններ հաստատի Ադրբեջանի հետ»:
Հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը անցկացվում է Մոսկվայում՝ հայկական կողմի ցանկությամբ։ Բանակցությունները հյուրընկալող երկրի՝ Ռուսաստանի ԱԳ խոսնակը այսօր պարզաբանել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վաղվա հանդիպումը տեղի կունենա առանց ռուսական կողմի մասնակցության։ Մարիա Զախարովան միաժամանակ ասել է, թե Մոսկվան սատարում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Բանագնացների հանդիպումը` թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում
Թուրքական մամուլը ևս ուշադրության կենտրոնում է պահում երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևանների բանագնացների հանդիպումը։ BBC Türk-ը գրում է՝ հատուկ ներկայացուցիչները վաղը Մոսկվայում աշխատելու են ճանապարհային քարտեզ մշակել երկխոսության ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար: Ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականը գրում է, թե Ռուբինյանն ու Քըլըչը քննարկելու են բանակցությունների ընթացքում ձեռնարկվելիք քայլերը, որոնք ուղղված կլինեն կողմերի միջև վստահության բարձրացմանը:
Թուրքական պարբերականը նկատում է՝ ի տարբերություն 2009 թվականի ցյուրիխյան պրոցեսի` այս անգամ Անկարան հակված է Երևանի հետ ուղիղ երկխոսության առանց միջնորդների:
«Առաջին հանդիպումը Հայաստանի ցանկությամբ Մոսկվայում տեղի կունենա: Թուրքիան չի ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե Ռուսաստանը միջնորդական դեր ունի այս գործընթացում: Սպասվում է, որ վաղվա հանդիպմանը թուրքական կողմը ցանկություն է հայտնելու, որ հաջորդ շփումները անմիջականորեն՝ առանց միջնորդի կայանան»,- գրում է «Ջումհուրիյեթը»:
Չնայած Անկարան ու Երևանը բանակցային սեղանին են նստելու առանց նախապայմանների, բայց չի բացառվում, որ որոշակի փուլում դրանք կարող են ի հայտ գալ: «Բանակցային գործընթացը փակուղի տանող հարցեր, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցը սկզբնական փուլում օրակարգ չի գա: Ցյուրիխյան արձանագրությունները քննարկման առարկա չեն լինի, փոխարենը նոր փաստաթղթեր կարող են երևան գալ»,- նշում է թուրքական պարբերականը:
Հայ-թուրքական հարաբերություններում նոր շրջանի մեկնարկի՝ երկուստեք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին մեկ ամիս առաջ հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն: Զուգահեռաբար օրակարգ բերվեց Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հարցը: Թուրքական «Պեգասուս» և հայկական «Ֆլայվուան Արմենիա» ավիաընկերությունների Երևան-Ստամբուլ առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին: