Ժնևում երեկ կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների հաջորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 3000 զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է ուղարկել Ուկրաինայի հետ սահմանների մոտ վարժանքների։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը։ Զորավարժությունները կանցկացվեն Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի ուսումնամարզական հավաքներում։
Ժնևում շուրջ ութ ժամ տևած փակ բանակցություններից հետո, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը բանակցություններին ներկայացնող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանի նախաձեռնած քննարկումների առաջին փուլն արդյունք չի տվել և կողմերը շարունակում են պնդել այն, ինչ պնդում էին մինչև բանակցությունները։
Ռյաբկովը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ի՝ արևելք ընդլայնմանը:
«Մենք ընդգծում ենք՝ մեզ համար դա բացարձակապես պարտադիր պայման է՝ համոզվել, որ Ուկրաինան երբեք, երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
Ռուս դիվանագետը շեշտել է, թե Ռուսաստանը չի վստահում ՆԱՏՕ-ին և պահանջում է «երկաթբետոնե, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ», որ ո՛չ Ուկրաինան, ո՛չ Վրաստանը չեն լինի ՆԱՏՕ-ի կազմում:
Շերմանն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ բանակցություններ վարել Ուկրաինայի ապագայի մասին՝ առանց Ուկրաինայի մասնակցության, և որ Վաշինգտոնը ոչ մեկին թույլ չի տա փակել ՆԱՏՕ-ի դռները մեկ այլ երկրի համար:
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա խոչընդոտել ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Մենք չենք քննարկի Ուկրաինայի ապագան՝ առանց Ուկրաինայի մասնակցության, Եվրոպայի ապագան՝ առանց եվրոպացիների մասնակցության», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը հայտարարել է Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ մշակելու համար միջազգային բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասինՇերմանը նաև հերթական անգամ բարձրացրել է Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման հարցը՝ նշելով՝ եթե Մոսկվան ցանկանում է ապացուցել, որ չի պատրաստվում դա անել, ապա պետք է միջոցներ ձեռնարկի՝ իրադրության ապաէսկալացման համար, այսինքն՝ հետ քաշի իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Ռյաբկովն էլ պնդել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ներխուժել և, համապատասխանաբար, քննարկման առարկա այստեղ չկա:
Միաժամանակ երեկվա բանակցությունները կարևորել են երկու կողմերն էլ․ ռուսական պատվիրակությունը գլխավորող Ռյաբկովը ընդգծել է, որ իրավիճակը անհուսալի չէ և երեկվա հանդիպումը որակել է որպես «բարդ, խորը, կոնկրետ ու պրոֆեսիոնալ»։
«Բանակցությունները բարդ էին, երկարատև, շատ պրոֆեսիոնալ, խորը, կոնկրետ՝ առանց սուր անկյունները շրջանցելու փորձերի», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն էլ ութ ժամ տևած զրույցից հետո ասել էր, որ Ժնևում տեղի են ունեցել ոչ թե բանակցություններ, այլ քննարկումներ՝ կողմերի դիրքորոշումները ճշտելու համար՝ հավելելով, թե երեկվա հանդիպումը «բաց և անմիջական» էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը մերժում է Մոսկվայի պահանջները, սակայն բաց է հետագա բանակցությունների համարԺնևի բանակցություններն այս շաբաթ նախատեսված երեքից առաջինն էին. վաղը՝ հունվարի 12-ին Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը, հունվարի 13-ին Վիեննայում ԵԱՀԿ շրջանակներում կքննարկվեն անվտանգության ռազմավարական հարցեր։
Ռուսական պետական «Նովոստի» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, այսօր գրել է, թե ամերիկյան կողմը խոստացել է Ժնևի արդյունքների մասին զեկուցել ղեկավարությանը և հաջորդ շաբաթ երաշխիքների շուրջ գրավոր պատասխան տալ ռուսական կողմին։ Ընդ որում, թե՛ Ռյաբկովը, թե՛ Շերմանը համաձայնել են, որ շատ բան կախված է վաղը կայնալիք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումից:
Ժնևյան քննարկումներին զուգահեռ՝ Բրյուսելում նախօրեին կայացել էր ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստը, որի մեկնարկին կառույցի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացմանը, դաշինքը մտադիր չէ իր դռները փակել Ուկրաինայի համար։ «Կիևն իրավունք ունի պաշտպանվելու, և ՆԱՏՕ-ն այդ հարցում կօգնի նրան», - հայտարարել էր Ստոլտենբերգը։
Երեկ մեկնարկած բանակցություններին նախորդել էր երկու կողմերի հռետորաբանության կտրուկ սրումը. Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեղադրել էր Մոսկվային՝ Ուկրաինա նոր ներխուժում ծրագրելու մեջ, իսկ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը սպառնացել էր իր հերթին օգտագործել «ռազմատեխնիկական միջոցներ»՝ իր երկրի շահերը պաշտպանելու համար, եթե Արևմուտքը չընդունի երաշխիքների մասին Մոսկվայի առաջարկները։
Բանակցությունների նախօրեին պաշտոնական Վաշինգտոնը Պուտինին մեղադրեց Խորհրդային Միությունը վերստեղծելու ծրագրերի մեջ, իսկ պաշտոնական Մոսկվան ՆԱՏՕ-ից պահանջեց վերադառնալ 1997-ից առաջ ստեղծված իրավիճակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը վախեցնում է աշխարհին ԽՍՀՄ-ի վերականգնման սպառնալիքով. Պետդումայի պատգամավոր