Ի՞նչ կշահեն Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորումից՝ հատուկ ներկայացուցիչների միջև հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանն ընդառաջ սա է երկու երկրներում քննարկվող հիմնական հարցերից մեկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ հունվարի 14-ին ՄոսկվայումԹուրք բարձրաստիճան պաշտոնյաները, մատնանշելով Հայաստանի տնտեսական խնդիրները, պարբերաբար հայտարարում են, թե հաշտեցումն ու սահմանների բացումը ամենից առաջ Հայաստանին է պետք: Թուրք սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան Այդըն Սեզերի կարծիքով, սակայն, Անկարան էլ ի՛ր շահերն ունի։
«Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է որակապես փոխել Թուրքիայի հարաբերություններն Արևմուտքի հետ: Կարծում եմ, որ այս գործընթացից Թուրքիայի կարևոր ձեռքբերումը հենց սա է լինելու: Բացի այդ, ակնկալիք կա, թե Հայաստանի ժողովրդի հետ մերձեցումը գուցե նվազեցնի հայկական սփյուռքի հակաթուրքական գործողությունները», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Սեզերը։
Երկու երկրների հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը կհանդիպեն հունվարի 14-ին Մոսկվայում։ Ոչ թուրքական, ոչ էլ հայկական կողմը օրակարգի մասին պաշտոնապես դեռ չի հայտարարել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բանակցություններին, Սաֆրաստյանի կարծիքով, դարձյալ ներկայացվելու են Անկարայի հայտնի 3 նախապայմաններըԱյդըն Սեզերը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուշադրության կենտրոնում կլինի սահմանի բացման հարցը․ - «Կարծում եմ՝ օրակարգի առաջնային հարցը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու հատկապես սահմանների բացումն է լինելու: Քանի որ սահմանների փակման և դիվանագիտական կապերի խզման պատճառները վերջին պատերազմով վերացել են»:
Սեզերն ընդգծեց՝ 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները կյանքի չկոչվեցին գլխավորապես այն պատճառով, որ Թուրքիան, ինչպես 90-ականներին, այս անգամ էլ ընտրություն կատարեց հօգուտ Ադրբեջանի: Հիմա, ըստ նրա, այլ իրավիճակ է․ - «Այս անգամ Հայաստան-Թուրքիա մերձեցումը Ադրբեջանի և նախագահ Ալիևի գիտությամբ է տեղի ունենում: Այսինքն՝ ոչ մի քայլ չի արվում ի հեճուկս Ադրբեջանի: Իհարկե, Թուրքիան ինքնիշխան երկիր է և ինքն է որոշում ում հետ բանակցել կամ հաշտության գնալ, բայց կարևոր է, որ Ադրբեջանը չի խոչընդոտում այս գործընթացը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Էրդողանը միշտ սկզբունքային է համարել Ադրբեջանի դիրքորոշումը. Օմեր ՉելիքԹուրք վերլուծաբանի համոզմամբ, հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը երկար ճանապարհի առաջին քայլն է միայն: Ամենաբարդը տարաձայնություններն են 1915 թվականի իրադարձությունների շուրջ, որոնք տրամագծորեն հակասում են միմյանց։ «Կարծում եմ՝ այս հարցերը կարող են լուծվել ժամանակի ընթացքում: Նախ պետք է, որ հասարակությունների միջև բարեկամություն հաստատվի, խաղաղություն ձևավորվի, որպեսզի ինքնըստինքյան խնդիրները լուծվեն: Բայց եթե բանակցությունների սկզբից այս հարցը սեղանին դրվի իբրև նախապայման, վախենամ, թե գործընթացը կրկին անհաջողության մատնվի», - ընդգծեց նա։
Սեզերի համոզմամբ, Հայաստանի հետ հաշտեցման գնալով՝ Թուրքիան նաև նպատակ է հետապնդում ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում: