Ալմաթիի իշխանությունը հայտարարում է քաղաքում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»։
«Ցավոք, ծայրահեղ տրամադրված անկարգությունների կողմնակիցները հսկայական վնաս են հասցրել քաղաքին, դիմադրել են իրավապահ մարմինների օրինական գործողություններին», - ասվում է պարետատան տարածած պաշտոնական հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության, ցուցարարները «թալանում», «վնաս են հասցնում բիզնեսին», «վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը», «խոչընդոտում բուժաշխատողների աշխատանքին»։ Պարետատունը պնդում է նաև, թե «ավազակների բարձր կազմակերպվածությունը վկայում է արտասահմանում նրանց լուրջ պատրաստվածության մասին»՝ հարձակումը որակելով որպես արտաքին ագրեսիա, պետության ամբողջականության խաթարման փորձ։
Ավելի վաղ այդ մասին նաև երկրի նախագահն էր հայտարարել՝ օգնության խնդրանքով դիմելով ՀԱՊԿ գործընկերներին։
«Ազատության» ղազախական ծառայության հաղորդմամբ, դժվար է հասկանալ, թե ինչ է այս պահին կատարվում Ալմաթիում։ «Հայտնի է, որ մարդկանց որոշակի խմբեր (որևէ փաստ չկա, որ նրանք հունվարի 2-ից բողոքի դուրս եկած ցուցարարներ են) ամբողջ քաղաքը վախի մեջ են պահում։ Հաղորդվում է, որ նրանք զինված են»,- տեղից փոխանցում են «Ազատության» թղթակիցները։