Դաշնակցությունը դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերություններին, կողմ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
«Ազատություն». - Կո՞ղմ եք Անկարայի հետ երկխոսությանը այս պայմաններում:
Արթուր Խաչատրյան. - Երբեք Դաշնակցությունը չի ասել, որ մենք դեմ ենք Թուրքիայի հետ հարաբերություններին: Մենք ասել ենք, որ մենք թուրքերի հետ մեր իրավունքների խնդիրներն ունենք անօտարելի և անժամանցելի, բայց մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, երբ հաստատվեն հարաբերություններ, այո, մենք ավելի քաղաքակիրթ մակարդակով, ավելի քաղաքակիրթ հարթակների վրա մեր դատն առաջ կտանենք:
«Ազատություն». - Կարծես, բանագնացներ նշանակելուց հետո նախապայմաններ այլևս չեն հնչել, ավելին` Չավուշօղլուն վերջին հարցազրույցում ասում էր` անիմաստ կլինի նախապայմաններով սկսելը:
Արթուր Խաչատրյան. - Էրդողանը Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ` օդակայանում հայտարարեց, որ եթե ինքը արհամարհական, առանց նշելու ոչ անունը, ոչ պաշտոնը, ուզում է ինձ հետ հանդիպել, պետք է բավարարի այս-այս նախապայմաններին: Չավուշօղլուն վերջերս նախապայմանների մի մասը դարձյալ կրկնեց: Հիշո՞ւմ եք` իրենք ասեցին, որ Հայոց ցեղասպանության խնդիրն ապաքաղաքականացնել և դա հանձնել պատմաբանների դատին: Այսինքն` այստեղ ունենք գոնե մի շեշտված հստակ քաղաքական նախապայման բանակցությունների համար:
Կա նաև երկրորդ նախապայմանը, որ այն, ինչի մասին որ մենք բանակցելու ենք, պետք է բավարարի նաև ադրբեջանցիներին, այսինքն` ակնհայտ է, որ մյուս նախապայմանն Ադրբեջանի ուղղությամբ Հայաստանի կատարվելիք զիջումներն են:
«Ազատություն». - Եթե ես ասեմ, որ Երևանն ամեն օր ասում է` մենք գնալու ենք խոսելու առանց նախապայմանների:
Արթուր Խաչատրյան. - Եթե հիմա մի էջ թուղթ դնեմ ու սկսեմ գրել Երևանի կողմից հնչեցված վերջին 3-4 տարիների ստերը, Դուք էլի հիմք կունենա՞ք հավատալու, որ Երևանը չի ստում: Այսքանը: Այն մարդը, որ ասում էր` ես ժողովրդի երբեք չեմ գնա բանակցությունների, ժողովրդի թիկունքում գնաց բանակցությունների, այն մարդը, որ հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ եղել է բանավոր ըմբռնում կամ բանավոր ընկալում, որ պետք է հայկական զորքերը ետ քաշվեն Քաշաթաղի հյուսիսային հատվածից, և հետո պարզվում է, որ գրավոր արձանագրություն կա, այսինքն` այդ մարդը, որ այդքան ստեր է հնչեցնում, Դուք ունե՞ք արդյոք վստահության բուֆեռ, որպեսզի հավատաք պաշտոնական Երևանի խոստումներին:
«Ազատություն». -Հարևաններին փոխել չի կարելի, եթե չենք խոսում, ուրիշն է խոսում մեր փոխարեն, օրինակ` Ռուսաստանը:
Արթուր Խաչատրյան. - Անկասկած, և մենք միշտ էլ ասում ենք, որ Հայաստանը երբեք այսքան ցածր ինքնիշխանության մակարդակի վրա չի եղել, և Հայաստանի փոխարեն խոսում են ուրիշ երկրներ, նույն Էրդողանն ասաց` մենք Հայաստանից դրական ազդակներ ենք ստացել, այդ հարցը կքննարկենք Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ուրեմն, մենք կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն, բայց մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունները գնում են նախապայմանների բավարարմանը:
Դու ունես Հայաստան և ունես Թուրքիա, որոնց բանակցային հզորությունները շատ տարբեր են, և ակնկալել, որ Հայաստանը կարողանար ազդել Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան իր դիրքորոշումը փոխի, իրատեսական չէ:
«Ազատություն». - Դա, կարծես, իրատեսական չէ առաջիկա մի քանի տասնամյակներում ևս, նշանակում է` չխոսե՞լ Թուրքիայի հետ:
Արթուր Խաչատրյան. - Նշանակում է խոսել, բայց առանց նախապայմաններ, չմոռանանք, որ նույն Թուրքիան 2005թ. ինքն էր նամակ գրել Հայաստանի ղեկավարությանը` առաջարկելով խոսել: