Փարաքարում երկրորդ անգամ համայնքապետ չընտրվեց

Փարաքարում այսօր երկրորդ չստացված փորձն էր համայնքապետ ընտրելու: Ավագանու նիստ հրավիրվել էր առավոտյան, ավագանու 21 անդամների անուն ազգանունները տպագրված սեղաններին էին: Մի քանի ժամ անց, սակայն, հայտարարվեց՝ քվորում չկա, նիստը չի կայանա, բանակցություններ են սկսում:

«Համայնքն անհանգիստ է. բազմաբնակավայրային համայնք է ու համայնքը կարիք ունի ավելի հանդարտ, համերաշխ կառավարման», - ասաց ​Փարաքարի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության անդամ Էմին Երիցյանը:

Մեկ ամիս առաջ այստեղ կայացած ընտրություններում երեք ուժ է համայնքի կառավարման մանդատ ստացել՝ 10 մանդատ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ ցուցակի առաջատար Վոլոդյա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ տեղում՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի դեմքով, «Դավիթ Մինասյան» դաշինքը՝ Փարաքարի նախկին համայնքապետ Մինասյանի գլխավորությամբ: Վերջին երկու ուժերը միասին 11 մանդատ ունեն ավագանու կազմում:

Դեկտեմբերի վերջին կայացած նիստը արտառոց ընթացք էր ունեցել։ Վոլոդյա Գրիգորյանի թիմակիցները 10 ձայնով նրան էին ընտրել համայնքապետ, հետո մյուս երկու ուժերն էին եկել նիստի ու նրանք էլ իրենց 11 ձայնով Մինասյանին էին ընտրել, հետո Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունն էր, այս ընթացքում, սակայն, «Դավիթ Մինասյան» դաշինքը վարչական դատարան էր դիմել և ավագանու այդ առաջին նիստի որոշումը ի վերջո անվավեր ճանաչվեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փարաքարում իրեն ընտրված համայնքապետ է համարում երկու թեկնածու

Էմին Երիցյանը, որ «Մինասյան» դաշինքի ավագանու անդամներից է, այսօր հայտարարեց, որ կարող էին «Ապրելու երկիր» խմբակցության անդամների բացակայությամբ 11 հոգով իրենց թեկնածուին ընտրել նորից, բայց չեն ուզում համայնքը կոնֆլիկտով կառավարվի:

«Չի կարող համայնքը կառավարվել, եթե կա կոնֆլիկտ, եթե խմբակցությունները մեկը բեյկոտում է, մյուսը չի գալիս», - ասաց ​«Դավիթ Մինասյան» խմբակցության անդամը:

Էմին Երիցյանը վերահաստատեց՝ «Քաղաքացիական պայմանագիրն» աջակցում է իրենց թեկնածուին՝ Մինասյանին, բայց եթե «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուի՝ Գրիգորյանի հետ բանակցություն չստացվի՝ կգնան նոր ընտրությունների անցկացման ճանապարհով:

Վոլոդյա Գրիգորյանն այսօր նիստին չէր էլ եկել, մեզ հետ հեռախոսազրույցում ասաց՝ իր ընտրողների ցանկությունն այն է, որ արդարությունը հաղթի, այսինքն՝ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն՝ ինքը ստանձնի համայնքապետի պաշտոնը:

«Ես փորձել եմ ավելի հանդարտեցման ֆոն ստեղծել, ինձ մոտ համենայնդեպս այս փուլում դա չի ստացվում, նրանք միայն ասում են՝ մենք 49 տոկոս ձայն ենք տվել, մենք ուզում ենք, որ համայնքի ղեկավարը լինի 49 տոկոս ձայն հավաքածը», - նշեց նա:

Գրիգորյանը շեշտեց՝ որևէ բանակցություն իր հետ առայժմ չի սկսվել. «Ես սպասում եմ բանակցությունների մեկնարկ տալուն»:

Նա, սակայն, մեծ լավատեսություն չունի՝ Փարաքարում տարեվերջյան հետընտրական սրացումների ժամանակ՝ համայնքի բնակիչները նշում էին, որ «Մինասյան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիրը» համագործակցության որևէ ծրագիր չեն ունեցել, հակառակը՝ Գրիգորյանին որպես ամենաշատ ձայներ ստացած թեկնածուի՝ համայնքապետ ընտրելու պայմանավորվածություն է եղել, որը խախտվել է վերջին պահին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լարված իրավիճակ Փարաքարում, կան բերման ենթարկվածներ

Փարաքարում առաջիկա օրերին կփորձեն կրկին:

Փարաքարն այժմ 8 գյուղերին միավորված խոշորացված համայնք է, առավոտից մշակույթի տան բակում, որտեղ ավագանու նիստը պետք է կայանար, ոստիկանական մեծ ուժեր էին կուտակված, արգելում էին քաղաքացիների մուտքը շենք:

Ոստիկանությունը բացատրում էր, թե միայն ավագանու անդամները կարող են շենք մտնել: Էմին երիցյանը, որ նաև համայնքների միավորման նախագահն է, շետեց՝ ավագանու նիստերը դռնբաց են, ոստիկանությունն իրավունք չունի փակել մուտքը, և ընդհանրապես Հայաստանի տարբեր համայնքներում ոստիկանական օղակներով ու պատերով անցկացվող ավագանու նիստերը համարում է խայտառակ տապալում։