Տոնոյան. Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում 

«Անորակ հրթիռների» գործով ավելի քան երեք ամիս կալանավորված պաշտպանության նախկին նախարարը բանտից այսօր անդրադարձել է քրեական գործին առնչվող մի շարք հանգամանքների՝ հայտարարելով, թե մինչ այս պահը զսպվածություն է պահպանել քաղաքական գործընթացներում: Դավիթ Տոնոյանը միևնույն ժամանակ ասել է, թե 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանրությանը պարզաբանումներ ներկայացնելու առիթներ դեռ կլինեն։

Տոնոյանը կալանավորվեց անցած տարվա սեպտեմբերի վերջին։ Նրան և Հայաստանի ռազմական գերատեսչությանը երկար տարիներ ռազմամթերք մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին, ով հանրությանն առավել հայտնի է «Պատրոն Դավո» անունով, մեղադրանք է առաջադրվել 4,7 միլիոն դոլար չարաշահումների առնչությամբ: Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ ռռազմական գերատեսչությունը հե՛նց Գալստյանի ընկերությունից էր գնել անպիտան հրթիռները։

«Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ», - ասված էր նախաքննությունը վարող ԱԱԾ-ի անցած տարվա սեպտեմբերին տարածած հաղորդագրությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը պատրաստվում է բողոքարկել իրեն կալանավորելու որոշումը

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք մոտ յոթ տարի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ աշխատած, իսկ թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում շուրջ երկուսուկես տարի՝ այդ թվում 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ռազմական գերատեսչությունը գլխավորած 54-ամյա Դավիթ Տոնոյանը բանտից՝ իր փաստաբանների միջոցով լրատվամիջոցների հարցադրումներին պատասխանելով գրել է. «Մինչ այս պահը ես զսպվածություն եմ պահպանել քաղաքական գործընթացներում ներգրավվելու առումով և դրա մասին է եղել իմ փաստաբանների հայտարարությունը։ Դեռևս առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իմ պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, իհարկե, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը»:

Հիշեցնելով պատերազմից մի քանի օր անց՝ 2020-ի նոյեմբերի 20-ին՝ նախարարի պաշտոնը թողնելու օրը իր հայտարարությունը, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը՝ Տոնոյանը շարունակում է. «Քավության նոխազ» գտնելու տեսանելի ցանկությունն, այսպես ասած, սավառնում է քաղաքական դաշտում, բայց, կարծում եմ, այս առումով լինելու են անակնկալներ»։ Նախկին նախարարը պնդում է, թե չնայած նախաքննական մարմնի հայտարարությանը՝ նշված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել և լուծել մարտական խնդիր։

«Անպիտան հրթիռների» գործի նախաքննությունն ԱԱԾ-ն ավարտել է դեկտեմբերի վերջին։ Ընդգծելով, որ իր նշանակումից ի վեր պաշտպանության նախարարության գնումների ողջ գործընթացը եղել է ԱԱԾ-ի, դատախազության, Քննչական կոմիտեի, ՊՎԾ-ի ամենօրյա հսկողության և ստուգման ներքո՝ Տոնոյանը գրում է. «Անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը»։

Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ վարույթ իրականացնող մարմինը հրթիռների փորձաքննությունը նշանակել էր անցած տարվա հուլիսին, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Տոնոյանի փաստաբանները բողոքում են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաստաբանները բողոքարկել են Տոնոյանի կալանքի ժամկետը երկարացնելու դատարանի որոշումը

«Որոնք մերժվեցին դատախազի և քննիչի կողմից այն պատճառաբանությամբ, որ այդ փորձաքննությամբ առաջադրված հարցերի պատասխանները այլ դատավարական գործողությունների արդյունքում արդեն իսկ ձեռք են բերվել: Երբ ավարտվեց նախաքննությունը, ծանոթացանք գործի նյութերին, պարզվեց, որ որևէ դատավարական գործողությունով էլ այդպես էլ չի պարզվել դրանց անորակ, անպիտան և այլն լինելը: Մեր համոզմունքն այն է, որ այդ փորձաքննությունն անկատար թողնվեց զուտ այն պատճառով, որ հենց նախաքննության փուլում բացահայտվելու էր դրանց պիտանի լինելը և նախաքննական մարմնին այլ տարբերակ չէր մնալու, քան քրեական գործով վարույթը կարճելը», - ասաց Հովհաննիսյանը:

«Ազատությունը» այսօր դիմել է ԱԱԾ` պարզաբանում ստանալու նպատակով։ Դեռ չեն արձագանքել։ Փորձաքննությունների ազգային բյուրո մեր զանգերը ողջ օրվա ընթացքում անպատասխան մնացին։

Տևական ժամանակ Դավիթ Տոնոյանի անմիջական ղեկավար Սեյրան Օհանյանը, որը 2008-2016 թվականներին գլխավորել է ռազմական գերատեսչությունը և «անորակ հրթիռների» գործում վկայի կարգավիճակով հարցաքննվել է, անցած տարվա հոկտեմբերին հայտարարեց, որ հիշատակված հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն Պաշտպանության նախարարությունը չի գնել դրանք, քանի որ հայտնաբերել է, որ անսարք են։ Նրա խոսքով՝ նախարարությունը չի գնել մատակարարված խմբաքանակի 70 տոկոսը, միայն 30 տոկոսի համար է գումար վճարել, իսկ անպիտան հրթիռները տեղափոխվել են նախարարության պահեստ՝ մատակարարի խնդրանքով։

«2011 թվականին մնացած 70 տոկոսը նպատակահարմար չենք գտել ընդունելու, որովհետև պիտանելիության, անսարք լինելու հետ խնդիրներ է եղել, մատակարարի կողմից խնդրվել է, որպեսզի այդ հրթիռները մնան պահեստներում, և եթե նույնիսկ ինքը չխնդրեր էլ, մենք իրավունք չունեինք այդ հրթիռները տալ իրեն, մինչև ինքը չունենա երկրորդ թույլտվությունը, լիցենզիան տարանցիկ փոխադրմամբ այլ երկիր տանելու, վաճառելու», - նշել է Օհանյանը:

Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեցին Դավիթ Տոնոյանի ու Դավիթ Գալստյանի փաստաբանները, իրենց պաշտպանյալները այսօր էլ չեն ընդունում առաջադրված մեղադրանքները: «Անպիտան հրթիռների» գործով կալանավորված են նաև ներկա ու նախկին այլ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Ստեփան Գալստյանը, որը դեկտեմբերին ազատվեց Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։