«Փոխադարձ նախազգուշացումներ՝ համեմված չափավոր լավատեսությամբ», - այսպես են արևմտյան լրատվամիջոցները, մասնավորաբար՝ Reuters գործակալությունը, բնութագրում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ անցած գիշեր կայացած հեռախոսազրույցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները երկրորդ անգամ բանակցեցին վերջին մեկ ամսումBloomberg-ի տեղեկություններով՝ մոտ 50 րոպե տևած զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարն իր ռուսաստանցի պաշտոնակցին ներկայացրել է Ուկրաինայի աջակցությանն ուղղված այն հավելյալ քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վաշինգտոնը։
«Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նախագահ Բայդենը քննարկել առկա խնդիրների լուծման դիվանագիտական հնարավորությունը, չշրջանցելով նաև այն քայլերը, որ կարող է ձեռնարկել Միացյալ Նահանգները Մոսկվայի գործողությունները զսպելու համար», - լրագրողներին է փոխանցել Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը, սակայն, չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը։
Ռուսական կողմի տեղեկություններով ևս՝ զրույցի ընթացքում երկու նախագահները մի շարք փոխադարձ նախազգուշացումներ են հնչեցրել։
«Մեր նախագահը հատուկ ընդգծում էր, որ մենք այս բավական բարդ իրավիճակում վարվելու ենք այնպես, ինչպես կվարվեր Միացյալ Նահանգները, եթե հարձակողական զինատեսակները տեղակայվեին ամերիկյան սահմանների հարևանությամբ», - այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Յուրի Ուշակովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Բայդենին զգուշացրել է «աննախադեպ պատժամիջոցների» դեպքում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր լիակատար խզման մասինՌուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը մեկ անգամ ևս զգուշացրել է, որ ուկրաինական ուղղությամբ իրադրության հետագա լարման դեպքում Արևմուտքը լայնածավալ պատժամիջոցների կդիմի՝ տնտեսական, ֆինանսական և ռազմական ոլորտներում։
«Մենք գիտենք, որ դա շատ մեծ սխալ կլինի, որը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների։ Մեր նախագահը նշել է, որ նման քայլի դիմելը սխալ կլինի։ Նրա համոզմամբ՝ հաջորդ սերունդները դա որպես մեծագույն սխալ կգնահատեն։ Իսկ նման սխալներ վերջին 30 տարում շատ են եղել, այդ իսկ պատճառով, նման իրավիճակում, ցանկալի է այլևս նման սխալներ չանել», - նշում էր Ուշակովը։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Կրեմլի ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում նաև զգուշացրել է, որ պատժամիջոցների կիրառումը կարող է հանգեցնել «ռուս-ամերիկյան հարաբերությունների լիակատար խզման»։
Չնայած Բայդեն-Պուտին զրույցի ընթացքում հնչած նման կոշտ գնահատականներին՝ այնուհանդերձ, կողմերը մեկ հստակ պայմանավորվածություն կարծես կարողացել են ձեռք բերել՝ շարունակել հետագա շփումները։
«Ընդհանուր առմամբ զրույցը անկեղծ և գործնական բնույթ է ունեցել և երկու կողմերի համար էլ օգտակար է եղել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բարձր մակարդակում պարբերական շփումները», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ։
Նախագահների հեռախոսազրույցի մյուս արդյունքը կարելի է համար երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների միջև շփումների սպասվող ակտիվացումը, որոնց հիմնական թեման, ըստ պաշտոնական Մոսկվայի, լինելու են այն երաշխիքները, որոնք Արևմուտքից պահանջել է Կրեմլը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնեն«Նախագահները պայմանավորվեցին,որ մեզ համար, նաև ողջ Եվրոպայի և աշխարհի համար նման կարևորագույն հարցի շուրջ բանակցությունները կընթանան երեք ուղղություններով՝ Ժնևում, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի, և Վիեննայում՝ ԵԱՀԿ-ի գծով», - այսօր հայտնել է Յուրի Ուշակովը։
Արևմտյան աղբյուրնեը հատուկ ուշադրություն են դարձնում հատկապես Ժնևում կայանալիք բանակցություններին՝ հատուկ ընդգծելով, որ ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու Պետդեպարտամենտի ամենափորձառու դիվանագետները։ Հունվարի 10-ին Ժնևում մենկարկող այս բանակցություններում ամերիկյան պատվիրակությունը ղեկավարելու է առաջին փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը։ Ռուսական կողմը բանակցությունների ընթացքում կներկայացնի Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։