Հարավաֆրիկյան Հանրապետությունում չեղարկում են «օմիկրոնի» կապակցությամբ սահմանված պարետային ժամը

«Օմիկրոնի» վտանգի մասին ազդարարող պաստառ, Հարավաֆրիկյան Հանրապետություն

Հարավաֆրիկյան Հանրապետությունում չեղարկել են պարետային ժամը, որ սահմանել էին կորոնավիրուսի «օմիկրոն» տեսակի տարածման կապակցությամբ: Մասնագետները ենթադրում են, որ համավարակը երկրում հասել է կիզակետին և արդեն սկսում է նահանջել:

«Փորձագետների համոզմամբ՝ «օմիկրոնն» այլևս տագնապի առիթներ չի տալիս: Հաշվի առնելով նրանց եզրակացությունը՝ մենք թուլացնում ենք սահմանափակումները: Դա նաև կարևոր է երկրի տնտեսության համար», - ասել է կառավարության անդամ Մոնդլի Գունգուբելեն:

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն առաջին անգամ Հարավաֆրիկայան Հանրապետությունում են գրանցել: Առողջապահության համակարգի ներկայացուցիչներն ասում են, որ ախտահարումների թիվը մոտ 30 տոկոսով նվազել է:

ՀԱՀ-ում համավարակի ընթացքում ընդհանուր հաշվով ախտահարվել է 3,5 միլիոն մարդ, մահացել է 91 հազար հիվանդ: