7-8 վայր ունենք, որտեղ որևէ օր ճանապարհների շինաշխատանքները չեն դադարի, հիմնականում Սյունիքում. նախարար

Լոգիստիկ լուրջ խնդիրներով ուղեկցված 2021-ին Հայաստանում ընդհանուր առմամբ 750 կիլոմետր ճանապարհ է կառուցվել, այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Տարին առաձնանում է նրանով, որ մի շարք չնախատեսված աշխատանքներ են իրականացվել, մի շարք ճանապարհներ են կառուցվել, որոնք 20 թվականին նախատեսված չէր 21-ի համար, բայց աշխատանքներն իրականացվել են», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական զինված ուժերը Սյունիքում հետ են քաշվել «գրավոր փաստաթղթի հիման վրա». ընդդիմադիր պատգամավոր

Այս տարի ադրբեջանական ուժերը Գորիս-Կապան մայրուղու իրենց վերահսկողության տակ անցած 21 կիլոմետրանոց հատվածում նախ ոստիկանական անցակետ, ապա մաքսակետ տեղադրեցին, ինչի հետևանքով միանգամից բարդացավ այդ շրջանի գյուղերի բնակիչների տեղաշարժը, ինչպես նաև իրանական բեռնատարների երթևեկությունը, նրանցից Բաքուն սկսեց ճանապարհային հարկ պահանջել։ Այս ճանապարհը Հայաստանի հարավային քաղաքներին ու Իրանին կապող հիմնական ուղին էր։

Սյունիքի Շուռնուխ գյուղը Գորիս - Կապան ճանապարհի շուրջ ստեղված իրավիճակի պատճառով ամենաշատը տուժած մոտ տասը համայնքներից մեկն է, բնակիչները ելումուտի համար օգտվում են Խոտ գյուղ տանող ու այժմ կառուցվող ճանապարհից, որը այս պահին դժվարանցանելի է։ Շարժը քիչ է, մարդիկ ներս ու դուրս են անում միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ասում է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Կոնկրետ Շուռնուխն օգտվում է Որոտանի այդ ճանապարհից, մեր իսկական ճանապարհը ..., այնտեղից բարձրանում Խոտ գյուղ, այնտեղով որ սարքում են, մի ճանապարհն ա էլի, դրանով բարձրանում, այնտեղից էլ արդեն Երևանի տրասով իջնում նորցի Գորիս», - ասաց նա:

Հիմնական մայրուղուց կտրված համայնքների բնակիչների երթևեկության խնդիրը լուծելու համար Հայաստանի իշխանությունները վերանորոգեցին Գորիս-Կապանին այլընտրանք համարվող Տաթևով տանող ճանապարհը, որը, սակայն, բեռնատարների համար հարմար չէ, ոլորաններն այստեղ շատ նեղ են։ Բեռնատարների համար էլ կառուցվում է շուրջ 20 կիլոմետրանոց Տաթև-Լծեն ճանապարհը:

Տարածքային կառավարման նախարարն այսօր հայտնեց` Տաթև - Լծենի 11 կիլոմետրանոց հատվածում հողային աշխատանքներն ավարտվել են. «Մենք 20 կիլոմետր ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում, և այս տարին կառանձնանա նաև նրանով, որ սովորաբար առնվազն 4-5 ամիս ճանապարհաշինարարները գնում են հանգստի, մենք 7-8 վայր ունենք, որտեղ որևէ օր աշխատանքները չեն դադարի: Հիմնականում Սյունիքում են աշխատանքները, և այդ վայրերում մենք ամեն ինչ կանենք, որ մարտ-ապրիլ ամիսներին արդեն հողային աշխատանքներն ավարտած լինենք և սկսենք ասֆալտապատմանը նախապատրաստվելու գործընթացը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար

Այլընտրանքային ճանապարհների կառուցման հարցը քննարկվում էր Հայաստանի ու Իրանի կառավարությունների միջև. հոկտեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում այդ մասին խոսեց, այդ շրջանում Հայաստան ժամանեց հարևան երկրի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը, որն ընդգծեց՝ Իրան - Հայաստան պետական ճանապարհն իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, և պատրաստ են ինժեներատեխնիկան աջակցություն տրամադրել։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Իրանը մտադիր է Սյունիքի մարզկենտրոն Կապանում հյուպատոսություն բացել։