«Եթե վարչապետը կամ քաղաքական թիմը դժգոհ լինեն իմ աշխատանքից, ոչ էլ կսպասեն իմ հրաժարականին». Վահան Քերոբյան

Չնայած էկոնոմիկայի նախարարը ամիսներ առաջ հրապարակավ խոստացել էր, թե հրաժարական կտա, եթե Հայաստանը տարին չփակի երկնիշ տնտեսական աճով, տարեվերջին խուսափեց հստակեցնել՝ արդյո՞ք պատրաստ է խոսքից գործի անցնել։

«Եթե վարչապետը դժգոհ լինի իմ աշխատանքից, ոչ էլ կսպասեն իմ հրաժարականին», - ասաց Վահան Քերոբյանը, երբ լրագրողները փաստեցին, որ տնտեսական աճը հեռու է երկնիշ ցուցանիշից։

«Վարչապետը ցանկացած պահի առանց որևիցե դժվարության կարող է ազատել աշխատանքից ցանկացած նախարարի, այնպես որ հրաժարականի մասը, ճիշտ է, մի քիչ շատ քննարկված թեմա է, բայց ինքն իրենից որևիցե… որովհետև լրագրողները հարցրեցին` իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ չլինի այդ պահը, պարզ է` եթե վարչապետը կամ քաղաքական թիմը դժգոհ լինեն իմ աշխատանքից, ոչ էլ կսպասեն իմ հրաժարականին»:

Մինչդեռ այս ապրիլին, երբ տնտեսությունը դեռ անկման մեջ էր՝ տարվա առաջին երեք ամսվա կտրվածքով արձանագրելով մինուս երկու տոկոս (չնայած արդեն մարտին փոքր աճ էր գրանցվել), Քերոբյանը հայտարարել էր՝ կառավարության նպատակն է տարին փակել երկնիշ տնտեսական աճով. «Աճը մարտը մարտի նկատմամբ այդքան էլ ինձ չի գոհացնում, իմ մտածած կամ մեր հաշված 7-7.5-ի փոխարեն նախնական տվյալներով` 3.8 տոկոս է հայտարարվել, բայց դա միևնույն է` ապահովելու է մեր երկնիշ տնտեսական աճը տարվա վերջը», - ասել էր նա:

Անցած տարի Հայաստանը փակեց 7.4 տոկոսանոց տնտեսական անկմամբ, իսկ այս տարվա համար պաշտոնապես տարբեր թվեր են հրապարակվել: Պետբյուջեի համաձայն, Հայաստանը 2021թ. կփակի 3.2 տոկոս տնտեսական աճով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի վերջին՝ դեկտեմբերի 14-ին հնչեցրած կանխատեսման համաձայն, տարեկան աճը կկազմի 4.2 տոկոս։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին հայտարարեց այս տարի սպավող 6 տոկոս աճի մասին և դեռ չի հրաժարվել այս թվից։ Դրանից հետո էլ՝ օգոստոսին ընդունվել էր կառավարության հնգամյա ծրագիրը, ըստ որի այս տարին Հայաստանը պետք է փակի առնվազն 7 տոկոս տնտեսական աճով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երկնիշ տնտեսական աճի փոխարեն` ունենք երկնիշ գնաճ այս պահին. տնտեսագետ

Լրագրողների հետ երեկվա հանդիպմանը Վահան Քերոբյանը հակված էր ամենալավատեսական՝ 7 տոկոսանոց աճին. «Այդ աճը հեշտ չի լինելու ապահովել, պետք է խոստովանել, բայց մենք գիտենք այն պլանը, որը իրագործելու պարագայում մենք կարողանանք այդ աճը ապահովել, և դա նկարագրված է կառավարության միջոցառումների ծրագրում, կառավարության ծրագրում: Դա հիմնականում մեր շեշտադրումն է ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և տնտեսության գերակա ոլորտների ակտիվացմանը»:

Ըստ նախարարի, ներդրումները խթանելու համար շուտով կառավարությունը նոր նախաձեռնություն է ներկայացնելու՝ ներդրումների դիմաց պարտավորվելով տրամադրել ենթակառուցվածքներ և պետգույք, ինչպես նաև սուբսիդավորել սարքավորումների ձեռքբերումը՝ հատկապես տնտեսության գերակա ոլորտներում։

Թե կոնկրետ երբվանից է սկսվելու այս նորամուծությունը, նախարարը չհստակեցրեց, միայն նշեց, որ կառավարության նպատակն է ապահովել տարեկան մեկ միլիարդ դոլար ներդրումներ։ Այս տարի որքա՞ն են կազմել ներդրումները՝ կրկին պարզ չդարձավ, Քերոբյանը խորհուրդ տվեց սպասել տարեկան ամփոփ տվյալների հրապարակմանը։

Երկաթուղային ապաշրջափակումը կարող է Հայաստանի տնտեսությունը մեծացնել 1/3-րդով. Քերոբյան

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկում են երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները. վարչապետ

Ներդրումներից բացի, կառավարությունը նաև երկաթուղու ապաշրջափակման հետ է մեծ հույսեր կապում։ Ըստ Քերոբյանի, դա կարող է էապես նպաստել հայաստանյան տնտեսական աճին։ Նախարարը կոնկրետ թվեր հնչեցրեց. «Այդպիսի ուսումնասիրություն որոշ ժամանակ առաջ, որ իմ կարծիքով` կարելի է համարել հիմք, արվել է, և ըստ այդ ուսումնասիրության, տարածաշրջանի ապաբլոկավորումը Հայաստանի տնտեսության վրա կունենա 30 տոկոս աճի ազդեցություն կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բնականաբար, այդ ուսումնասիրությունները թարմացնելու անհրաժեշտություն կա, և հիմա մենք նախաձեռնում ենք այդ ուսումնասիրությունն անել մեկ-երկու տարվա ընթացքում»:

Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը կվերանա

Դրական խոսելով տաածաշրջանում տնտեսական կապերի ու հաղորդակցության միջոցների ապաշրջափակման մասին՝ Էկոնոմիկայի նախարարությունը միաժամանակ առաջարկել է կառավարությանը երկարաձգել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին սահմանված այս արգելքը ավարտվում է երկու օրից՝ դեկտեմբերի 31-ին։ Վահան Քերոբյանին հարցրեցինք՝ կառավարության քայլերի մեջ հակասություն չկա՞՝ մի կողմից խոսվում է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման մասին, մյուս կողմից գործադիրը ծրագրում է պահպանել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հայաստանյան շուկա։

«Հենց հիմա մենք քննարկումների մեջ ենք, և կարծում եմ, որ մոտակա մի քանի օրվա մեջ արդեն որևէ որոշում պետք է կայացնենք, նույնիսկ որոշման չկայացումն արդեն ուրիշ որոշում է, այսինք` բացել սահմանները, և կարծում եմ` մեկ-երկու օրվա մեջ արդեն մենք կունենանք», - ասաց նա:

Մեծածավալ ներդրումների և ապաշրջափակման սպասող Հայաստանը շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել գործազուրկների թվով։ Եվրասիական տնտեսական միության կառավարող մարմնի՝ ԵՏՄ հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, միության հինգ անդամ երկրներից գործազրկության մակարդակը ամենաբարձրը Հայաստանում է՝ այս տարվա երկրորդ եռամսյակում այն կազմել է 15 տոկոս։