Վիեննայում այսօր կվերսկսվեն Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները

Այսօր Վիեննայում կսկվեն 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը փրկելուն ուղղված բանակցությունները:

ԵՄ գլխավոր բանակցողը կոչ է արել՝ արագացնել բանակցությունների տեմպը, իսկ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները հիասթափություն են հայտնում բովանդակության հետ կապված:

ԵՄ դիվանագետ Էնրիկե Մորան անցած շաբաթ Թվիթերում հայտնեց բանակցությունների վերսկսման ամսաթիվը։

«Կարևոր է արագացնել հիմնական չլուծված հարցերի լուծումը և առաջ շարժվել՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ-ի հետ: Բարի գալուստ 8-րդ փուլ», - գրել էր նա:

Բանակցությունները շատ քիչ առաջընթաց են գրանցել այն բանից հետո, երբ դրանք վերսկսվեցին նոյեմբերին։

Դեռևս գործարքի մեջ գտնվող կողմերի՝ Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի դիվանագետները մասնակցում են Իրանի հետ ուղիղ բանակցություններին: ԱՄՆ-ն միջնորդավորված է մասնակցում:

Ըստ 2015 թվականի պայմանագրի, Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը և մասնավորապես դադարեցներ ուրանի հարստացումն, ինչին ի պատասխան գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեին պատժամիջոցները: 2018 թվականին Միացյալ Նահանգները, նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ, դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Իրանն, իր հերթին, վերականգնել է ուրանի հարստացումը: Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենն ասել է, որ անհրաժեշտ է ինչ-որ ձևաչափով վերականգնել 2015 թվականի պայմանագիրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 27-ին