Մատչելիության հղումներ

Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային հաջորդ փուլը նախատեսված է դեկտեմբերի 27-ին


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար Էնրիկե Մորան, արխիվ:
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար Էնրիկե Մորան, արխիվ:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի աշխատակազմի ղեկավար Էնրիկե Մորան, ով համակարգում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, հայտնել է, որ Վիեննայում քննարկումների հաջորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:

Բանակցությունների օրակարգում 2015 թվականի միջուկային պայմանագրի վերականգնումն է: Այդ փաստաթուղթը Վիեննայում ստորագրել են Իրանի և գերտերությունների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, ինչպես նաև Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

«Կարևոր է արագացնել առանձին բարդ հարցերը լուծելու ընթացքը և առաջ շարժվել` սերտորեն համագործակցելով Միացյալ Նահանգների հետ: Բարի գալուստ 8-րդ փուլ»,- Թվիթերում գրել է Մորան:

Միացյալ Նահանգների պատվիրակն անձամբ ներկա չէ քննարկումներին և բանակցային գործընթացին այս ժամանակաշրջանում հեռակա կարգով է մասնակցում:

Ըստ 2015 թվականի պայմանագրի, Իրանը պետք է սահմանափակեր միջուկային ակտիվությունը և մասնավորապես դադարեցներ ուրանի հարստացումն, ինչին ի պատասխան գերտերությունները պետք է աստիճանաբար թուլացնեին պատժամիջոցները:

2018 թվականին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ դուրս է եկել պայմանագրից և վերականգնել ու խստացրել է պատժամիջոցները: Իրանն, իր հերթին, վերականգնել է ուրանի հարստացումը:

Թրամփին նախագահի պաշտոնում փոխարինած Ջո Բայդենն ասել է, որ անհրաժեշտ է ինչ-որ ձևաչափով վերականգնել 2015 թվականի պայմանագիրը:

XS
SM
MD
LG