«Վիեննայի բանակցությունները չպետք է վերածվեն ժամանակի կամ էներգիայի մսխման», -այսօր Թեհրանում, մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների՝ նախորդ շաբաթ կայացած յոթերորդ փուլի արդյունքները, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։
«Մենք չենք շտապում և հույս ունենք, որ շատ շուտով բոլորն էլ ի վիճակի կլինեն տեսնել, որ մեր բանակցային թիմը Վիեննայում է գտնվում՝ լավ համաձայնագիր կնքելու նպատակով» - նշել է Խաթիբզադեն։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իսլամական հանրապետության պատվիրակությունը Վիեննայի բանակցությունների մասնակիցներին երկու պայմանագրերի նախագծեր է ներկայացրել։
«Մեկը վերաբերում է պատժամիջոցների վերացմանը, մյուսը՝ այն քայլերին, որոնց կարող է դիմել Իրանը՝ պատժամիջոցների վերացմանն ի պատասխան։ Քայլ առ քայլ պայմանավորվածությունների ձեռքբերումը կամ ժամանակավոր համաձայնագրերի կնքումը բացառվում է», - նշել է Խաթիբզադեն։