Բանակցային պրոցեսում չի եղել ավելի վատ տարբերակ, քան 2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթն է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Բենյամին Պողոսյանը՝ հակադարձելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուրբաթ օրը ավելի քան երկու ժամ տևած առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանի պնդեց՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում. այդ տարի կողմերին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել՝ նշելով նաև, որ 2016-ին առաջարկված փաստաթղթերով՝ Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման հարցը Մինսկի խմբից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի տիրույթ էր տեղափոխվում։
Վարչապետն ընդգծեց, որ 2018-ին իշխանության գալով իրենք հենց այսպիսի բանակցային ժառանգություն են ստացել և որ հայկական կողմը բանակցությունների ողջ ընթացքում արել է ամենը, որ հարցի վերջնական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի տիրույթում լինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի պնդմամբ՝ 2016-ը աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում2010-2011 թվականներից Ադրբեջանը սկսեց էականորեն զինվել՝ հստակ հայտարարելով, որ խնդիրը փորձելու է լուծել ռազմական ճանապարհով՝ շեշտեց Պողոսյանը՝ ընդգծելով Ադրբեջանը մերժեց նաև Կազանի փաստաթուղթը՝ հայտարարելով, որ երբեք չի ստորագրի փաստաթուղթ, որը թեկուզ տեսականորեն կարող է հիմք դառնալ Լեռնային Ղարաբաղի անկախության համար։
Քաղաքագետտը հիշեցրեց նաև 2014-ի նոյեմբերին ուղղաթիռի հետ կապված խնդիր, 2016-ն քառօրյա պատերազմն՝ ընդգծելով՝ Ադրբեջանը մեծացնում էր ճնշումը Հայաստանի նկատմամբ, իսկ ի՞նչ էին անում Հայաստանի իշխանությունները։
«2018-ին մայիսին գործող վարչապետը գալիս է իշխանության, և, ինչպես ինքն է ասում, ինքը հասկանում է, որ 20 տարվա թալանի և կոռուպցիայի պատճառով մենք գրեթե բանակ չունենք և ռազմական բալանսը սարսափելի խախտված է Ադրբեջանի օգտին, որ եթե սկսի պատերազմ, մենք միանշանակ ռազմական ճանապարհով ջախջախվելու ենք։ Ինքը հասկանում է, որ բանակցային գործընթացում, ի վնաս մեզ, առաջարկներ են ներկայացվում, և դրանից հետո ինքը կատարում է քայլեր, հայտարարում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ 2019-ի ամռանը, իր պաշտպանության նախարարը հայտարարում է, որ «նոր պատերազմի դեպքում մենք կազատագրենք նոր տարածքներ» և 2020 թվականի օգոստոսի վերջին Սարդարապատում, պատերազմից 1 ամիս առաջ, նույն վարչապետը հայտարարում է, որ 2020-ի հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանի բանակը ամենամարտունակն է, ցույց տվեցին, որ Ադրբեջանը բանակ չունի, որ պրն Ալիևը տասնյակ միլիարդավոր դոլարներ յուրացրել է բանակի կառուցման անվան տակ։ Այս տրամաբանության մեջ, եթե դու հասկանում ես, որ ռազմական բալասը սարսափելի խախտված է, եթե դու հասկանում ես, որ նախորդ իշխանությունների մեղքով դու գրեթե բանակ չունես, որ պատերազմի դեպքում դու ջախջախվելու ես, ուրեմն դու ամեն ինչ պետք է անես, որ ստատուս քվոն փոխվի ոչ պատերազմի միջոցով, բայց կարծես թե մեր իշխանությունները 2018-ից հետո ամեն ինչ արեցին՝ հաստատուն քայլերով գնալով դեպի պատերազմ», - ասաց Պողոսյանը։
Շեշտելով, որ բանակցային գործընթացը արտացոլում է կողմերի ուժային բալանսը, քաղաքագետ Արեգ Քոչինյանը սա անհերքելի համարեց։
«Առաջին արցախյան պատերազմում մեր հաղթանակից հետո հետզհետե ամեն հաջորդ փաթեթը, կամ կոնֆլիկտի լուծման ամեն հաջորդ առաջարկությունը ավելի ու ավելի քիչ էր ելնում հայկական կողմի շահերից, այսինքն՝ ամեն հաջորդ առաջարկություն, ավելի նպաստավոր էր ադրբեջանական կողմի համար և ավելի քիչ նպաստավոր էր Հայաստանի համար։ Սա կապված էր նրա հետ, որ արցախյան առաջին պատերազմում մեր կրած հաղթանակից հետո ուժային բալանսի փոփոխության տեմպը ավելի արագացված տեմպերով գնում էր հօգուտ Ադրբեջանի։ Սա այնքան պարզ ճշմարտություն է և էնքան է տեղավորվում ռեալպոլիտիկի իրողությունների մեջ, որ սա հավելյալ անգամ ապացուցելու կամ բացատրելու կարիք, կարծում եմ, չկա», - ասաց քաղաքագետը։
Հարցազրույց ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․