Սահմանազատմանն և սահմանագծման հիմնախնդիրներին վերաբերող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը առավոտյան չընդգրկվեց խորհրդարանի օրակարգ։ Իշխանությունը չմասնակցեց քվեարկությանը, ընդդիմության ձայները չբավարարեցին հարցն օրակարգում ներառելուն։
Հայտարարության նախագծին երեկ բացասական եզրակացություն էր տվել խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որտեղ իշխանությունը ունի ձայների մեծամասնություն։
28 կողմ, դեմ զրո, ձեռնպահ 1 ձայներով որոշումը չընդունվեց:
Հայտարարության նախագծով դատապարտվում էր ադրբեջանական ագրեսիան, կար պահանջ Կառավարությունից՝ սահմանազատման ու սահմանագծման հարցը չտարանջատել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, կար նաև պաշտոնյաների գրավոր ու բանավոր համաձայնություններին վերաբերող ձևակերպում: Եթե Արցախի ու Հայաստանի հիմնարար իրավունքները խախտող պայմանավորվածություն ձեռք բերվի, այն ի սկզբանե առ ոչինչ է:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդում էր, թե քաղաքական ենթատեքստ իրենց հեղինակած նախագծում չկա, նպատակը մեկն է՝ զերծ պահել գործադիրին՝ կատարելու երկրի շահերին վնասող քայլեր. «Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն, ինչ տեղի է ունենում ժողովրդի թիկունքում, ինչ ուզում, այն էլ բանակցում ենք` պարտություն և կապիտուլյացիոն հայտարարություն, պատերազմը կանգնեցնելուց հետո զորքի բանավոր հետքաշում, ռազմավարական բարձունքների, ճանապարհների հանձնման և մաքսակետերի տեղադրման շարունակական տրամաբանության մեջ է»:
Ընդդիմադիրները պնդում էին՝ առաջարկված հայտարարությունը Հայաստանի շահերից է բխում, իշխանության կարծիքով՝ ընդդիմությունը զբաղվում է ներքաղաքական շահարկումներով:
«Հայտարարությունն, ըստ էության, փորձ է անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը բանակցություններում և մասնավորապես, սահմանագծման և սահմանազատման հարցում պետության և ժողովրդի շահերը առաջ մղելու պատրաստակամության վերաբերյալ: Սա մեզ համար անընդունելի է», - ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Մարիա Կարապետյանը:
Երբ հարցը օրակարգային չդարձավ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հենց այսօր նախագծի լրամշակված տարբերակը կդնեն շրջանառության մեջ՝ մեկ շաբաթից արտահերթ նիստում քննարկելու համար։
Չնայած հայտարարության նախագիծը օրակարգում ընդհանրապես չներառվեց, որ հետո էլ ընդունել-չընդունելու հարց առաջանար, բայց կրքերը չհանդարտվեցին։
«Քոչարյանացավ են կպել մեր որոշ գործընկերներ», - հայտարարեց Մինասյանը:
Իշխանությունն ու ընդդիմությունն անցան փոխադարձ մեղադրանքների՝ ընդ որում, հին ու նոր՝ ընդդիմությունը` ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի, իշխանությունը՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին հասցեին։
«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն առաջարկեց ընդդիմադիր «Հայաստանին» նախագծում ավելացնել նաև Ռոբերտ Քոչարյանին ուղղված կոչ. «Օրինակ` Ադրբեջանի իշխանությունների հետ չհամագործակցել, Հայաստանի շահերի դեմ ոչինչ չանել, բերել, ավելացնել այդ տեքստին: Ես խոստանում եմ` ինքս անձամբ երեք ձեռքով կողմ կքվեարկեմ այդ նախագծին, պատգամավորների շրջանում լոբբինգ կանեմ, որ կողմ քվեարկեն այդ նախագծին: Ի՞նչ ասեմ: Ինչպե՞ս է ստացվում, որ սահմանային լարվածությանը զուգընթաց մի խումբ մարդիկ սկսում են պայքար Հայաստանի պետական իշխանությունների դեմ, սկսում են ինչ-որ միտինգներ ու հակապետական արտահայտություններ»:
«Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը հակադարձեց. «Տեղյա՞կ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսն, ընդ որում ամենօրյա ռեժիմով ով է` ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Haqin.az-ի էջերից Նիկոլ Փաշինյանի նկարը չի իջնում, գոնե ամաչեք, այդպիսի հայտարարություններ մի՛ արեք»:
Արամ Վարդևանյանը, որը նաև Մարտի մեկի գործով Քոչարյանի շահերի պաշտպանն էր դատարանում, հայտարարեց. «Ալիևը, կարելի է ասել, մի քիչ վատ երազներում է տեսնում Քոչարյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից օպերատիվ կապը պահում է, գաղտնի բանակցություններ անում է, 2020թ. մայիսի 8-ին էլ` Շուշիի ազատագրման օրը, որի հետ Ռոբերտ Քոչարյանի առնչությունը գրքերում, վստահ եմ, կարդացել եք, այդ օրն էլ կալանավորման տակ են պահել»:
Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մոտեցավ ամբիոնին՝ հակադարձելու Վարդևանյանին. «Իսկ ո՞վ է Իլհամ Ալիևն իր երազների մասին պատմել պարոն Քոչարյանին կամ Ձեզ, հետաքրքիր է: Երազները պատմո՞ւմ են: Երբ խոսում եք Ռոբերտ Քոչարյանի ներդրումների մասին և այլն, հիշեք` վիթխարի ներդրում, որ Ռոբերտ Քոչարյանն արել է Արցախի համար, Արցախը բանակցությունների սեղանից դուրս թողնելն է»: