Թուրքական բյուջետային «Պեգասուս» (Pegasus) ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան, այսօր թուրքական NTV հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:
«Մեր տեղական ավիաընկերություններից «Պեգասուսը» հիմա ծրագրում է թռիչքներ սկսել դեպի Երևան: Հայաստանից էլ ենք հայտ ստացել: Առաջիկա օրերին կմեկնարկեն փոխադարձ թռիչքները: Մեզ համար սա դրական զարգացում է», - ասել է նա:
Թուրք նախարարը հիշեցրել է, որ վերջին 2.5 տարում Հայաստան-Թուրքիա ուղիղ ավիահաղորդակցություն չի եղել, և հիմա ոլորտի համար կարևոր առաջընթաց են ակնկալում: Լրագրողի հարցին, թե կոնկրետ ե՞րբ են նախատեսում սկսել թռիչքները, նախարարը հստակ ամսաթիվ չի նշել. «Հիմա ծրագրման փուլ է, կողմերը տեխնիկական հարցերի շուրջ են բանակցում, օդանավակայանների ղեկավարությունը քննարկում է այս հարցերը, կարծում եմ` երկար չի տևի: Հաջորդ տարվա սկզբին, գուցե և մինչև այս տարվա վերջ թռիչքները կգործարկվեն»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք բանագնացների նշանակմանը զուգահեռ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքների վերսկսման մասին անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Ի պատասխան «Ազատության» հարցմանը` Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունից այսօր հայտնեցին, որ թուրքական կողմը հաստատել է շաբաթական երեք անգամ դեպի Երևան թռիչքներ իրականացնելու «Պեգասուս» ավիաընկերության դիմումը: Թուրքական կողմի փոխանցմամբ՝ Հայաստանից Fly One Armenia, Armenian Airlines, Aircompany Armenia ընկերություններն են հայտ ներկայացրել դեպի Թուրքիա թռիչքներ սկսելու համար, դիմումների քննարկումն ընթացքի մեջ է:
Հայկական ընկերությունները դեռ չեն ստացել թուրքական կողմի հավանությունը: Մինչդեռ Հայաստանի քաղավիացիայից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, թե երկու երկրների միջև թռիչքներ իրականացնելու համար ոչ թուրքական, ոչ էլ հայկական որևէ ընկերություն դեռ չի դիմել հայկական կողմին: Ավելի ուշ, Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ արդեն դիմել են և՛ թուրքական, և՛ հայկական պատկան մարմիններին՝ Երևան-Ստամբուլ չարթերային չվերթների համար, պատասխանի են սպասում:
Ինչպես է «Պեգասուս» ընկերությունը պատրաստվում Հայաստան թռնել, եթե դեռ չի ստացել հայկական կողմի թույլտվությունը, թուրքական քաղավիացիայից պարզաբանեցին, որ գործընթացն արագ է առաջ գնում և օրերի կամ շաբաթների հարց է:
Թուրքական «Պեգասուս» բյուջետային ավիաընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին և թռիչքներ է իրականացնում աշխարհի 42 երկրներ՝ 111 ուղղություններով: Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները փակվել էին 2019-ի թվականի վերջին դրանք իրականացնող թուրքական «Ատլաս գլոբալ» ավիաընկերության սնանկացման պատճառով: