Այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև, ընդունելով նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ներկայացմամբ` այն իրավիճակը, որ կար Երևանի քաղաքապետարանում, «ինստիտուցիոնալ իրավիճակ էր և ինստիտուցիոնալ խնդիր»: Փաշինյանն արձանագրել է` այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվել է, հայտնում է կառավարության լրատվականը:
Հիշեցնենք, երեկ Հայկ Մարությանին ավագանին անվստահություն հայտնեց, անմիջապես էլ նոր քաղաքապետ ընտրեց:
«Համայնքի ղեկավարի ընտրություններն անուղղակի են: Եվ ինստիտուցիոնալ առումով անհնար է համայնքի ղեկավարի աշխատանքը՝ առանց ավագանու մեծամասնություն ունենալու: Սա պարզ քաղաքական տրամաբանություն է: Եվ այս խնդիրն է, որ հանգուցալուծվեց», - շեշտել է գործադիրի ղեկավարը` աջակցություն հայտնել Երևանի քաղաքապետարանին:
Վարչապետի հետ հանդիպմանը բացի նորընտիր քաղաքապետից նաև ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ու քարտուղար Լևոն Հովհաննիսյանն են ներկա եղել, որոնց Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «սկզբունքային դիրքորոշում ցուցաբերելու համար»:
Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին ասել է, որ կան ինստիտուտներ, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխեն:
«Կարծում եմ՝ կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել, անհասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ պոտենցիալը կա, պետք է պարզապես արդյունավետ կառավարում իրականացնել այդ պոտենցիալն օգտագործելու համար», - հավաստիացրել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը հեռացավ` իշխանությանը մեղադրելով հեղափոխական արժեքներից շեղվելու համար